Home / Տեսանյութեր / Վարձու աշխատանքի համակարգը շահագործում է մարդուն․ մայիսի 1-ին` ինքնիշխան քաղաքացու մասին

Վարձու աշխատանքի համակարգը շահագործում է մարդուն․ մայիսի 1-ին` ինքնիշխան քաղաքացու մասին

Մայիսի 1-ը զանգվածային գիտակցության մեջ այսօր պատկերվում է իբրև «աշխատանքի օր», «աշխատավորների օր», կամ «աշխատավորների համերաշխության օր», ինչը լրիվ մթագնում է այդ օրվա իմաստը, անգամ՝ նենգափոխում է նրա իրական բովանդակությունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանը։

«Իրականում, մայիսի մեկը պայքարի օր է… ընդդեմ աշխատանքի: 1880-ականների այն նախաձեռնած Ամերիկայի անարխիստները գտնում էին, որ մարդ չպետք է վաճառի իր կյանքի ժամերը, իր աշխատանքը, այսինքն, վերջին հաշվով, ինքն իրեն: Նա կարող է վաճառել միայն իր աշխատանքի արդյունքները, և հենց սկզբից պետք է դիտարկվի իր աշխատանքային տեղում իբրև այդ ապագա արդյունքի համապատասխան բաժնի համասեփականատեր:

Տալով մարդուն աշխատավարձ և գնելով դրա դիմաց իր ենթակայությունը` վարձու աշխատանքի համակարգը մարդուն շահագործում է` զրկելով այդ աշխատանքի արդյունքները տնօրինելու հնարավորությունից, աշխատանքային պրոցեսը կազմակերպելու իրավասություններից, ստեղծելով օտարացված աշխատանքի համակարգ, որի մասնակիցներն են միայն շահագործողներն ու շահագործվողները: Այսպիսով, մայիսի մեկը պայքարի օր է ընդդեմ օտարցված աշխատանքի, ընդդեմ շահագործման, ընդդեմ մարդու իրավունքները աշխատավարձով կամ ժամանակավարձով փոխարինելու:

Այսօրվա աշխարհում դասակարգային պայքարի այդ առաջնային հարցն ամենևին էլ լուծված չէ, դարձյալ գոյություն ունի մարդկանց մեծամասնությունը կազմող պրոլետարական դասակարգ՝ բոլոր նրանք, ով վաճառում է իր կյանքի ժամանակը, իր աշխատանքը և փոխարենը զրկվում է այդ աշխատանքի արդյունքները տնօրինելու հնարավորությունից: Մինչդեռ, մարդու իրավունքների խորացող գիտակցումը հասկացնել է տալիս, որ կյանքի իրավունքը անվերապահ բնույթ կրում և չի կարող պայմանավորված լինել աշխատուժ վաճառելու անհրաժեշտությունից: Վաճառիր քեզ՝ սովի վախի, սոցիալական կործանման վախի տակ պահանջը պետք է արմատապես վերանայվի մարդու իրավուքի վրա հիմնված ժամանակակից հասարակությունում:

Միայն ազատը, սեփականատերը և իր արտադրանքի տերը կարող է լինել լիարժեք քաղաքացի, կարող է լինել ինքնիշխան մարդ: Մեր երկրի, ինչպես և աշխարհի աշխատավորների ու գործազուրկների առջև կա մեկ խնդիր՝ վերականգնել ինքնիշխանությունը տնտեսական կյանքում, դառնալ սեփականատեր, իշխանավոր և մշակույթին ոչ թե ենթարկվող, այլ այն ազատորեն արտադրող: Դրա միջոցներն են՝ վերասեփականաշնորհում, քաղաքական ու քաղաքացիական ինքնիշխանության ձեռքբերում, մշակութային ապակենտրոնացում: Դա է այն հեղափոխությունը, որ հասունացել է աշխարհում ու արդեն տեղի է ունենում իբրև պայքար ամեն տեսակի՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային հայրիշխանության դեմ, հանուն ինքնիշխան անհատի կայացման, որը միակն է կարող անվանվել մարդ ու կիրառել իր մարդու իրավունքները»:

Նյութն առաջին անգամ Epress.am-ում տպագրվել է 2011 թվականի մայիսի 1-ին