Home / Հայաստան / Ադրբեջանն ուզում է հրաժարվել ղարաբաղյան հարցում ամերիկացի միջնորդից հայերի հետ կապերի պատճառով

Ադրբեջանն ուզում է հրաժարվել ղարաբաղյան հարցում ամերիկացի միջնորդից հայերի հետ կապերի պատճառով

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հանդես է եկել հայտարարությամբ, որում առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին (լուսանկարում) հետ կանչել պաշտոնից՝ ԱՄՆ-ի հայկական սփյուռքի հետ կապեր ունենալու պատճառով։

«Մենք գիտենք, որ [Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը] սերտ կապեր է պաշտպանում ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, որը, ինչպես հայտնի է, անհաշտ դիրքորոշում ունի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Անգամ սոցցանցերում նրա գրառումներից երևում է, որ ամերիկացի համանախագահը նախընտրում է շփվել Ամերիկայի հայ համայնքի հետ»։ Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ նշել է Արազ Ազիմովը։

«Պարոն Ուորլիքն իրեն թույլ է տալիս ազատ մեկնաբանել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որոնք ընկած են հակամարտության կարգավորման հիմքում և, ի դեպ, սահմանում են միջնորդների գործունեության մանդատն ու հստակ շրջանակները։ Ամերիկացի միջնորդի որոշ արտահայտություններ ընդհանրապես սադրիչ բնույթ են կրում։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության հնարավոր սրման վերաբերյալ համանախագահի կողմից տարածվող ինչ-որ ստահոդ լուրերը ոչ այլ ինչ են, քան սադրանքներ։

Այս ամենը մեզ թույլ է տալիս որոշակի եզրակացություններ անել ամերիկացի համանախագահի դիրքորոշման ու նպատակների վերաբերյալ։ Պարոն Ուորլիքի հայտարարությունների պատվիրված բնույթն ակնհայտ է․ դրանք նպատակ ունեն արդարացնել բանակցություններում Հայաստանի ընդունած ապակառուցողական դիրքորոշումը։

ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօր ամերիկացի համանախագահը պատրաստվում է Կալիֆորնիայում ելույթ ունենալ հայկական սփյուռքի կողմից կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջընթացի ուղին ու ինքնորոշումը» անունը կրող միջոցառմանը։ Նման միջոցառմանը միջնորդի մասնակցությունն անգամ անթույլատրելի է։

Վերը նշվածն ադրբեջանական կողմին հիմքեր է տալիս անվստահություն հայտնել Մինսկի խմբի ամերիկացի ներկայացուցչին, հրաժարվել աշխատել նրա հետ ու դիմել ԵԱՀԿ-ի գործող նախագահին՝ պարոն Ուորլիքին համանախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ։ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական կողմին այլ ընտրություն չի թողնում»,- մասնավորապես, ասված է Արազ Ազիմովի հայտարարության մեջ։