Home / Տեսանյութեր / Ում արձանն են կանգնեցնելու Երևանում․ փաստեր Անաստաս Միկոյանի կյանքից․ Lragir.am

Ում արձանն են կանգնեցնելու Երևանում․ փաստեր Անաստաս Միկոյանի կյանքից․ Lragir.am

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը lragir.am-ում հրապարակած իր հոդվածում անդրադարձ է կատարում նախորդ շաբաթ Երևանի ավագանու կողմից կայացրած՝ Անաստաս Միկոյանի արձանը քաղաքի կենտրոնում տեղադրելու մասին որոշոմանը:

«Այդ որոշման հիմնավորումները, թերևս, չեն պարունակում Անաստաս Միկոյանի անցած ուղու որոշ ուշագրավ դրվագներ, որոնք սովորաբար խնամքով շրջանցվում են հայ պատմաբանների կողմից: Ստորև ներկայացվող որոշ տեղեկություններ, թերևս, կարող են Երևանի ավագանու անդամներին համոզել վերանայել իրենց որոշումը:

1918թ. ապրիլին բոլշևիկներին Ստեփան Շահումյանի գլխավորությամբ հաջողվել էր Բաքվում ստեղծել Ժողովրդական կոմիսարների խորհուրդ՝ Բաքվի կոմունան, և 1915թ-ից բոլշևիկ Միկոյանը, թողնելով Էջմիածնի ճեմարանը, որտեղ սովորում էր, շտապել էր Բաքու: Անդրկովկասում լարված իրավիճակ էր ոչ միայն բոլշևիկյան հեղափոխության պատճառով, այլև՝ երեք հիմնական ժողովուրդների կողմից ազգային պետություններ ստեղծելու ձգտումների, Թուրքիայում Ցեղասպանությունից փրկված հայ փախստականների ներհոսքի, Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Կովկասյան ճակատը թողած Ռուսական զորքերի տունդարձի, մուսավաթականների կողմից երկաթգծի վերահսկման և այլն:

Բոլորը զինվում էին: Կոմունայի ձևավորումից հազիվ մեկ ամիս էր անցել, երբ բոլշևիկներն ու մուսավաթականների «Վայրի դիվիզիան» ընդհարվեցին: Շահումյանին հաջողվեց ճնշել մուսավաթական խռովությունը, բայց միայն՝ Բաքվի հայ և թաթար բնակչության առճակատման գնով, որին մասնակից դարձան նաև ճակատից տուն վերադարձող հայկական զորամիավորումները, ովքեր մուսավաթականների կողմից երկաթուղու վերահսկման պատճառով պատանդ էին մնացել Բաքվում: Այնքան մարդ կոտորվեց խաղաղ բնաչությունից, որ արդյունքում բոլշևիկներն զգալի չափով կորցրին աշխատավորության համակրանքը, միաժամանակ քաղաքի մահմեդական բնակչությունը խիստ վրեժխնդիր տրամադրվեց առանց այդ էլ բարդ իրավիճակում հայտնված հայ բնակչության նկատմամբ:

Մարտ ամսի բոլշևիկների այս Պյուռոսյան հաղթանակին մասնակից էր նաև Միկոյանը: Բաքվի կոմունային երկար կյանք չէր մնացել: Նրանք դիմացան միայն մինչև ամառ, երբ Բաքվում հաստատվեց անգլիացիների գերիշխանություն, որի ընթացքում Բաքվի կոմիսարները ձերբակալվեցին: Միկոյանը, սակայն, ձերբակալվածների մեջ չէր: Սեպտեմբերի կեսին օսմանյան թուրքական կանոնավոր բանակը մուսավաթական զորաջոկատների հետ գրավեցին Բաքուն, և քաղաքի հայ բնակչության երեքօրյա ջարդերից հետո այդ գործը թողեցին մահմեդական բնակչության վրեժխնդրությանը: Բաքվի հայերի սարսափելի կոտորածների առաջին օրը Միկոյանին հաջողվեց ձերբակալված կոմունարներին հանել, տեղափոխել նավ և Կասպից ծովով փախցնել Բաքվից: Բաքվի կոմիսարների ճակատագիրը հայտնի է՝ նրանց բոլորին սպանեցին: Միկոյանը նրանց մեջ չէր:

Հետագայում, 1925 թ. Ձերժինսկու, Օրջոնիկիձեի, Կիրովի գլխավորությամբ պետք է հանձնաժողով ստեղծվեր՝ քննելու համար Բաքվի «27-րդ կոմիսարի փրկության հարցը» (http://rosvesty.ru/1945/interes/5328-pod-psevdonimom-lakerbaya): Մինչ այդ, սակայն, ըստ տեղեկությունների քսաներեքամյա Միկոյանը Բաքվում սկսել է գլխավորել բոլշևիկյան ընդհատակյա կազմակերպությունը: Քիչ բան է հայտնի այդ գործունեությունից, և այդ քչից մեկն էլ այն է, որ ըստ Կոլպակիդիի (Колпакиди А.И. Энциклопедия секретных служб России, М., 2003) Միկոյանը հանձնարարել է Բաքվում գտնվող երիտասարդ Լավրենտի Բերիային դառնալ անկախ Ադրբեջանական մուսավաթական հանրապետության հակահետախուզական ծառայության ագենտը:

Թե ի՞նչ է արել Բերիան ու ինչպե՞ս է աշխատել Բերիան մուսավաթականների հետ՝ անհայտ է: Ուշագրավ է, որ մուսավաթական կառավարության հակահետախուզությունում աշխատելու տարիների Բերիայի միակ վկան զոհվել է…

Հաջորդը՝ Ադրբեջանի բոլշևիկացումից հետո, երբ Հայաստանում դեռևս դաշնակցական իշխանությունն էր, կրկին սկսել էր վիճարկվել Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Միկոյանը 1920 թ. ընթացքում մի քանի անգամ վճռականորեն փորձել է ազդել Զանգեզուրն ու Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկելու որոշման օգտին: Եթե հավատանք ադրբեջանցի պատմաբան Ջամիլ Հասանլիին, ով հղում է Ադրբեջանական արխիվի մի փաստաթուղթ (Телеграмма Н.Нариманова, М.Мдивани, А.Микояна, А.Нуриджаняна Г.Чичерину. 19.06.1920 // Государственный Архив Азербайджанской Республики, ф.28, оп.1, д.211, л.115), 1920 թ. հունիսի 19-ին, երբ Զանգեզուրը զենքի ուժով և փաստացի աշխարհազորով պահում էին Նժդեհն ու Դրոն, իսկ Ղարաբաղը մեկ ամիս առաջ հանձնվել էր բոլշևիկներին, բոլշևիկներ Միկոյանն ու Ա. Նուրիջանյանը Ն. Նարիմանովի ու Մ. Մդիվանիի հետ հեռագիր են ուղարկում Գ. Չիչերինին հետևյալ բովանդակությամբ. «Հայերը Ադրբեջանի հետ փաստացի պատերազմական հարաբերությունների մեջ են: Ինչ վերաբերում է արդեն Սովետական Ադրբեջանի մեջ մտած իբրև թե վիճարկելի Զանգեզուրին ու Ղարաբաղին, ապա կատեգորիկ հայտարարում ենք, որ այդ վայրերն անառարկելիորեն և այսուհետև պետք է գտնվեն Ադրբեջանի սահմաններում»…

…Սակայն Միկոյանը իր պարտքն է համարել 1920 թ. հուլիսի 29-ին միայն իր ստորագրությամբ ևս մի հեռագիր ուղարկել Օրջոնիկիձեին. «Ղարաբաղի և Զանգեզուրի հարցով մենք զայրացած ենք Կենտրոնի քաղաքականությամբ: Դու նույնպես պնդիր Կենտրոնում մեր տեսակետը: Մենք դեմ չենք Հայաստանի հետ խաղաղությանը, բայց ոչ մի դեպքում Ղարաբաղի ու Զանգեզուրի գնով» (Телеграмма А.Микояна Г.Орджоникидзе. 29.06.1920 // РГАСПИ, ф.64, оп.1, д.17, л.134)…

…Հաջորդը. Խանջյանի սպանությունից հետո, 1937 աշնանը Միկոյանը Մալենկովի և Բերիայի հետ մեկնել են Հայաստան՝ կուսակցական և պետական աշխատողների մաքրում, փաստացի՝ ռեպրեսիա իրականացնելու: Ռուսաստանի պետական արխիվում հայտնաբերվել է Եժովի ստորագրությամբ 1937թ. սեպտեմբերի 22-ով թվագրված մի փաստաթուղթ, որով Եժովը տեղեկացնում է Ստալինին այն մասին, որ Միկոյանը խնդրում է «Դաշնակցական և այլ հակասովետական տարրերից» գնդակահարվողների թիվն ավելացնել 700 մարդով: Նույն փաստաթղթով Եժովն ինքն առաջարկում է գնդակահարվողների թիվն ավելացնել 1500 մարդով և նախկին թիվն էլ ունենալով՝ այն հասցնել 2000-ի: Այդ փաստաթուղթը համաձայնությամբ ստորագրել են Ստալինը, Մոլոտովը, Կագանովիչը, Չուբարը, Լոգինովը:

Ստացվում է, որ ռեպրեսիաների ընթացքում սովորաբար պասիվ Միկոյանի ռեպրեսիվ «նախաձեռնողականությունը» ի հայտ էր գալիս Հայաստանի հետ կապված ճակատագրական պահերին (Ղարաբաղի հարցի լուծման, քաղաքական ռեպրեսիաների ժամանակ):

Միկոյանի ստորագրությունն առկա է նաև 1940 թ. մարտի 5-ի՝ լեհ սպաների, ոստիկանների, սահմանապահների և ժանդարմների գնդակահարության (Հայտնի Կատինի գնդակահարությունը) որոշման փաստաթղթի տակ՝ Ստալինի, Մոլոտովի, Վորոշիլովի ստորագրությունների կողքին: Այդ ժամանակ նա Արտաքին առևտրի ժողովրդական կոմիսար էր (1938-1949):

Իսկ ահա Ցեղասպանության, արևմտահայերի և առհասարակ հայկական հարցի մասին 1919 թ. դեկտեմբերին արտահայտված Միկոյանի քաղաքական կարծիքին կարելի է ծանոթանալ http://genocide.ru/lib/barseghov/responsibility/v2-1/0648-0685.htm#655 կայքէջում:

Ահա այս մարդու արձանը Երևանի կենտրոնում կանգնեցնելու մասին է որոշում ընդունել Երևան քաղաքի ավագանին: Հիմա ԽՍՀՄ երեսնական թվականները չեն (համենայնդեպս՝ առայժմ), Երևան քաղաքի ավագանու անդամներին այս որոշմանը դեմ լինելու համար չեն ձերբակալի, չեն գնդակահարի, ժողովրդի թշնամի չեն հայտարարի, ավագանու անդամությունից չեն զրկի: Գուցե արժե՞ տեղի-անտեղի «արժեհամակարգ» բառը հոլովելուց առաջ խորհել Հայաստանի բնակչության արժեհամակարգի մասին», – գրում է Հրանուշ Խառատյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։