Home / Հայաստան / Գործընկերները պահանջում են վերականգնել վարչապետի անվան պատճառով աշխատանքից ազատված լրագրողներին

Գործընկերները պահանջում են վերականգնել վարչապետի անվան պատճառով աշխատանքից ազատված լրագրողներին

Մի խումբ լրագրողներ որոշել են դիմել «Արմենիա» հեռուստաընկերությանը՝ պահանջելով վերականգնել աշխատանքից ազատված լրագրողին և մոնտաժողին։

Այսօր առավոտյան հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավար Գագիկ Մկրտչյանը հաստատել է, որ լրագրողն ու մոնտաժողը (անունները չեն նշվում) ազատվել են աշխատանքից, քանի որ հաղորդման նյութերից մեկում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը տառասխալով է գրվել՝ «Հավիկ»։

Մկրտչյանը նշել է, որ քաղաքական ենթատեքստ չկա, եղել է վրիպակ, իսկ մեղավորներն ազատվել են աշխատանքից։

Մի խումբ լրագրողներ Facebook սոցիալական ցանցի «Հանուն բարեխիղճ լրագրության» և «Հայ լրագրողներ» խմբերում պահանջի տեքստ են գրել հետևյալ բովանդակությամբ․

«Ինքնին հասկանալի է, որ համացանցում տարածվածը ոչ ցանկալի ու տհաճ երևույթ է եղել, բայց նաև ավելի տհաճ է այն երևույթը, որ որոշ մարդիկ փորձում են ինքնահաստատվել մարդկանց սայթաքումներից: Տեղյակ լինելով Ձեր պրոֆեսիոնալ լրատվությանը ու Ձեր կադրերին ու Ձեր հեռարձակած լրատվությանը՝ կասկած չունենք, որ դա տեղի է ունեցել ոչ միտումնավոր, դա ոչ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավարությունը և ոչ էլ հեռացված աշխատողները չեն կատարել մտածված ու նախապես պլանավորած: Չենք ցանկանում խառնվել Ձեր ներքին խոհանոցին, բայց խնդրում ենք վերանայել Ձեր որոշումն ու մարդկանց պատժել ոչ թե աշխատանքից հեռացնելով, այլ այն մեթոդներով, որոնք որ դուք կհամարեք ճիշտ»:

Նշենք, որ տեքստը վերջնական չէ, այժմ լրագրողները քննարկում են տեքստի բովանդակությունը՝ առաջարկելով տարատեսակ փոփոխություններ մտցնել։