Home / Տեսանյութեր / Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց էլ ավելի դժվար կլինի աշխատանք գտնել

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց էլ ավելի դժվար կլինի աշխատանք գտնել

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման կարգն այս տարվա հունվարի 1-ից ժամանակավորապես կասեցվել է և կառավարության որոշմամբ փոփոխության է ենթարկվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը (լուսանկարում)։

«Դա շատ արդյունավետ ծրագիր էր և մեծ թափ էր առնում։ Առավելությունն այն էր, որ նախատեսված էր երկու տարով։ Երկու տարի շարունակ պետությունը պարտավորվում էր գործատուին փոխհատուցում տալ հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքի համար։ Այն հիմնականում ձեռնտու էր հատկապես փոքր ձեռնարկություններին, բայց ներկայումս փոփոխվել է ժամկետը և դարձել 6 ամիս, ինչը հետաքրքրություն չի կարող առաջացնել գործատուների շրջանում», – նշել է բանախոսը՝ թեմային անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ։

«Ունիսոն»-ի հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանն ավելացրել է, որ նախկինում կարգը տարածվել է հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց վրա, իսկ փոփոխման դեպքում տարածվելու է միայն առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների վրա:

«Կարգը տարածվելու է նաև այն մարդկանց վրա, ովքեր, բացի հաշմանդամության կարգից, ունեն նաև այլ խնդիրներ, ասենք, ենթարկվել են թրաֆիքինգի: Պետք է հասկանալ, որ եթե հաշմանդամություն ունեցող անձը երկու տարի աշխատում է, նա աշխատաշուկայում դառնում է մրցունակ, և եթե գործատուն երկու տարի հետո չցանկանա նրան պահել որպես աշխատող, ապա ինքն ավելի մեծ հավանականություն ունի աշխատանք գտնելու, քան վեց ամիս աշխատանքային փորձ ունեցողը», – ընդգծել է հանրային կապերի ղեկավարը։