Home / Տեսանյութեր / Պուտինի այցի օրը նստացույցի վայրից հեռացված քաղաքացիները 2 հայցով դատարաններ են դիմել

Պուտինի այցի օրը նստացույցի վայրից հեռացված քաղաքացիները 2 հայցով դատարաններ են դիմել

Դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի օրը, նախագահական նստավայրի դիմաց նստացույց անող Խուդոյանների ընտանիքի նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն կիրառելու, նրանց գույքը ոչնչացնելու հարցով դատական երկու հայց է ուղարկվել ընդհանուր իրավասության և վարչական դատարաններ: Այս մասին Epress.am-ին հայտնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակից Տաթևիկ Սիրադեղյանը:

Խուդոյանների շահերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է դատարան՝ վիճարկելով Հատուկ քննչական ծառայության որոշումը, որը մերժել էր Խուդոյանների գույքի վնասման փաստի առթիվ քրեական գործ հարուցել:

Հիշեցնենք, որ և՛ իրավապաշտպանական գրասենյակը, և՛ Խուդոյանները ՀՔԾ որոշումը բողոքարկել էին Գլխավոր դատախազությունում, սակայն մերժում ստացել։ Ընդ որում` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի բողոքը մերժվել էր այն հիմքով, որ վերջինս չի հանդիսանում տուժող կողմ, իսկ, Խուդոյանների դիմումը մերժելով, Գլխավոր դատախազությունը նշել էր, որ ՀՔԾ որոշումն օրինական է:

Տաթևիկ Սիրադեղյանն ասել է, որ առայժմ հայտնի չէ՝ արդյոք Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը ՀՔԾ որոշման դեմ բողոքը վարույթ կընդունի:

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած դեպքերի հետ կապված երկրորդ բողոքն ուղարկվել է վարչական դատարան: Դատարանը վարույթ է ընդունել ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները վիճարկելու մասին հայցը: Սակայն դատական լսումների օրը հայտնի չէ:

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին՝ Պուտինի այցի օրը, նախագահական նստավայրի դիմացի մայթից հեռացված Աշոտ Խուդոյանի ընտանիքը տնային կալանքի տակ է եղել Էջմիածնում: Նախագահականի դիմաց նստացույց անող քաղաքացի Էմմա Սահակյանը նույն օրը Epress.am-ին պատմել է, որ Աշոտ Խուդոյանը կարողացել է հեռախոս խնդրել իր տան պատուհանի կողքով անցնողից և զանգահարել իրեն: Ընտանիքի հայրը Սահակյանին ասել էր, որ իրենց տան ելումուտն արգելում են հսկող ոստիկանները, երեխաները ևս դպրոց չեն կարողանում գնալ, քանի որ, երբ քաղաքացիական հագուստով 15 անձինք իրենց հեռացրել են նախագահականի մոտից, Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ են մնացել իրենց և երեխաների հագուստն ու կոշիկները, որոնք ոստիկանները չեն բերել Էջմիածին: