Home / Հայաստան / Վերաքննիչը Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով որոշում կայացրեց

Վերաքննիչը Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով որոշում կայացրեց

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ «Հայոց արծիվներ» ՀԿ-ի ղեկավար Խաչիկ Ասրյանի կողմից Զարուհի Փաստանջյանի և նրա հարազատների հասցեին հնչեցված սպառնալիքների գործով որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի կայքը։

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր վարույթն իրականացրած մարմնի և Գլխավոր դատախազության ներկայացուցչի մասնակցությունը դատաքննությանը ապահովելու համար: Այսօրվա նիստին, սակայն, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները կրկին չէին ներկայացել և դատարան ուղարկել էին գրություններ՝ բողոքի քննությունն առանց իրենց մասնակցության իրականացնելու խնդրանքով:

Արթուր Սաքունցը դա որակեց որպես անհարգալից վերաբերմունք դատական համակարգի նկատմամբ և միջնորդեց, որ դատարանին պետք է ներկայացվեն զբաղվածության վերաբերյալ հստակ հիմնավորումներ: Նախագահող դատավոր Կարինե Ղազարյանը, քննարկելով միջնորդությունը, մերժեց այն՝ համարելով, որ գործում առկա ապացույցները բավարար են որոշում կայանելու համար: Նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որից րոպեներ անց հրապարակեց որոշման եզրափակիչ մասը: Նրա որոշմամբ Սաքունցի վերաքննիչ բողոքը մերժվեց և օրինական ուժի մեջ թողնվեց ստորադաս դատարանի դատական ակտը: 

Հիշեցնենք, որ , որ Ասրյանն ասել էր, թե «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի»: Հետագայում Ասրյանը նշել էր, թե նկատի է ունեցել ոչ թե Փոստանջյանին, այլ նրա արարքը: Ասրյանն իր հայտարարությունն արել ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված հարցի առնչությամբ: