Home / Հայաստան / Վարչապետն ու ԲՀԿ ղեկավարը ցանկանում են հասնել ՀՀ ոստիկանապետի պաշտոնանկությանը․ «ՀԺ»

Վարչապետն ու ԲՀԿ ղեկավարը ցանկանում են հասնել ՀՀ ոստիկանապետի պաշտոնանկությանը․ «ՀԺ»

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ջանքեր են գործադրում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությանը հասնելու համար, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթը նշում է, որ համաձայն շրջանառվող լուրերի, Հովիկ Աբրահամյանը մտադիր է այս թեմայով խոսակցություն ունենալ Սերժ Սարգսյանի հետ։

«Այն, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև նրա խնամին՝ Գագիկ Ծառուկյանը, իրականում բարիդրացիական հարաբերություններ չունեն գործող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, թերևս շատերին է հայտնի։ Իշխանական շրջանակներում խոսում են նաև, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ոստիկանապետի պաշտոնում տեսնել փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին։

Ուշագրավ է, որ երեկ առավոտից խոսակցություններ էին պտտվում, թե Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, ում անունը, ի դեպ, այս ընթացքում կապվել է զանազան աղմկոտ պատմությունների հետ, ձերբակալվել է։ Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն, մեզ հայտնեցին, թե նման բան չկա։

Մեր աղբյուրները պնդում են, սակայն, որ Ազգային անվտանգության ծառայությունը լրջորեն հետաքրքրվում է Արշակ Հակոբյանով և նրա աղմկահարույց գործունեությամբ։ Հակոբյանը գիտի Գասպարյանի գրեթե բոլոր գաղտնիքներն ու հարաբերությունները, ու հարվածել նրան, նշանակում է հարվածել անձամբ Վլադիմիր Գասպարյանին», – գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում