Գլխավոր / Տեսանյութեր / Կալիֆորնիան ընդունել է ԼՂՀ-ի անկախության բանաձևը․ Դե Վաալն ասել է՝ ինչու է դա անօգուտ

Կալիֆորնիան ընդունել է ԼՂՀ-ի անկախության բանաձևը․ Դե Վաալն ասել է՝ ինչու է դա անօգուտ

Երկուշաբթի՝ մայիսի 5-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձև է ընդունել։ Օրենսդիր մարմնի անդամ Մայք Գաթոյի կողմից ներկայացված օրինագիծը կողմ է արտահայտվում Լեռնային Ղարաբաղի անկախությանը, ինչը տարբերվում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունից, գրում է «Լոս Անջելես Թայմս»-ը։

Խոսելով խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովի դիմաց՝ Գաթոն նշել է, որ «օրինագիծը պարզ նպատակ ունի, այն է՝ աջակցության արտահայտում բոլոր այն մարդկանց, ովքեր ընդունել են ժողովրդավարության և ինքնորոշման մեր ամերիկյան արժեքները»։

Քննարկմանը ներկա են եղել ԱՄՆ-ի հայկական և ադրբեջանական համայնքների մեծ թվով ներկայացուցիչներ, որոնք նստել են դահլիճի հակառակ կողմերում։ Ինչպես նշում է «Լոս Անջելես Թայմս»-ի թղթակիցը, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար շարժումը մի կողմը ներկայացնում էր որպես ազատության օրինական ձգտում, մյուսը՝ հողի ոչ ժողովրդավարական գրավում։

«Որպես ամերիկացիներ՝ մենք մեր սեփական քաջ պատմությունով հիմնավորված բարոյական պարտավորություն ունենք պաշտպանել մարդու իրավունքները, եթե անգամ նրանք գտնվում են աշխարհի մյուս մասում»,- ասել է Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը՝ խոսելով օրինագծի օգտին։

Ադրբեջանա-հայկական խորհրդի նախագահ Իսմայիլ Ռուստամովը, իր հերթին, հայտարարել է, որ «օրինագիծը ծայրահեղ կողմնակալ է ու սխալ»։

«Հեղինակը գիտակցո՞ւմ է, որ օրինագծի ընդունումը կխափանի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Նա ուզում է պատերա՞զմ սկսել»,- հայտարարել է Ռուստամովը։

Կարնեգիի հիմնադրամի ավագ գիտաշխատող, Հարավային Կովկասի հակամարտությունների փորձագետ Թոմաս դե Վաալը, խոսելով օրինագծի մասին, հայտարարել է, որ «իսկապես տարօրինակ է, երբ նահանգային խորհրդարանը՝ հայկական համայնքի ճնշման տակ, իր սեփական որոշումն է ընդունում՝ հակառակ ԱՄՆ-ի կառավարության արտաքին քաղաքականության»։

Դե Վաալը նշել է, որ օրինագիծը դժվար թե ազդեցություն ունենա հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի դիվանագիտության վրա։

«Այն անօգուտ է, քանի որ միայն սնունդ է տալիս հայկական լոբբիի վերաբերյալ առկա ադրբեջանական պարանոյային», — ասել է դե Վաալը՝ նշելով, որ հայկական լոբբիի դերն ադրբեջանցիների կողմից չափազանցվում է։

Հարցազրույցներից մեկում Մայք Գաթոն խոստովանել է, որ աշխարհաշխարհաքաղաքական հակամարտություններին միջամտելը կարող է հետևանքներ ունենալ․ «Ես երկար մտածել եմ՝ արդյոք սա ճիշտ քայլ էր Կալիֆորնիայի խորհրդարանի կողմից»։ Նա, սակայն, հավելել է, որ նահանգային օրենսդիրները ժամանակ առ ժամանակ միջամտում են միջազգային հարաբերություններին, ինչպես, օրինակ, Սոչիի Օլիմպիական խաղերին ընդառաջ նույնասեռականների նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը դատապարտելու հարցը։

«Կալիֆորնիայի համար կարևոր է երբեմն իր կարծիքն արտահայտել արտաքին քաղաքականության վերաբերյալ, երբ կա բարոյական նշանակության խնդիր»,- ասել է Գաթոն։

Օրենսդիր մարմնի անդամ Ռոքի Չավեսին դուր չեն եկել օրինագծում առկա ինքնորոշման վերաբերյալ ձևակերպումները։

«Լավ է, որ խոսում ենք ինքնորոշման մասին, բայց եթե իսկապես զբաղվենք ինքնորոշմամբ, կներգրավվենք բոլոր տեսակի տարածաշրջանային հակամարտությունների մեջ։ Մենք խոսում ենք լուրջ հետևանքների մասին։ Մեր օրենսդիր մարմինը չպետք է դուրս գա ազդեցության իր շրջանակից»,- նշել է նա։

Օրինագծին դեմ է քվեարկել միայն Չավեսը, իսկ խորհրդարանի մեկ այլ անդամ Քուրթ Հեգմենը ձեռնպահ է մնացել։