Home / Տեսանյութեր / Գասպարին հաշվետվություն պահանջեց ՀԱԿ-ից՝ «Սերժիկ, մարդասպան» հիշեցմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գասպարին հաշվետվություն պահանջեց ՀԱԿ-ից՝ «Սերժիկ, մարդասպան» հիշեցմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ՀԱԿ խմբակցության պատգամավորների տների մոտ պիկետներ է սկսել՝ պահանջելով երկու տարվա պատգամավորական գործունեության հաշվետվություն ներկայացնել իրեն` որպես ՀԱԿ-ի օգտին քվեարկած քաղաքացու։

Այսօրվա պիկետը Գասպարին անցկացրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի տան դիմաց։

Նա հրապարակային հաշվետվության իր պահանջը գրել է պաստառի վրա, սակայն տողերի միջև ավելի փոքր տառերով նշել «Սերժիկ, մարդասպան», «Սերժիկ, սրիկա» բառերը:

«Դա ես անում եմ իշխանական լրատվամիջոցների համար, որ հանկարծ չգրեն, թե տեսեք պիկետները հասել են նաև ընդդիմադիրների տներին: Հրապարակային հաշվետվություն պահանջում եմ ընդդիմադիրներից, սակայն չենք մոռանում իշխանության մեղքը»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Գասպարին:

Նա նաև նշել է, որ սկսում է Դեմիրճյանի տնից, քանի որ վերջինս հանդիսանում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ այդ ոլորտն առաջնահերթություն է իր համար:

Գասպարիի մյուս երկու ակցիաները տեղի կունենան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի տների մոտ:

Գասպարիի խոսքով՝ իր համար տեսանելի է Նիկոլ Փաշինյանի, Հրանտ Բագրատյանի և Արամ Մանուկյանի պատգամավորական գործունեությունը:

Ակցիային ներկա է եղել ՀԺԿ կուսակցության քարտուղար Ստեփան Մինասյանը: Epress.am-ի հետ զրույցում նա ասել է, որ Գասպարին երբեք չի դիմել ՀԺԿ հաշվետվություն ստանալու պահանջով:

Մինասյանը Վարդգես Գասպարիի պիկետը որակել է որպես շինծու ակցիա՝ ակնարկելով, որ այն ուղղորդված է:

Գասպարին ասել է, որ ինքն այցելել է ՀԺԿ գրասենյակ, սակայն իրեն հայտնել են, որ Ստեփան Դեմիրճյանը վատառողջ է:

Ակտիվիստն այդ ժամանակ դիմել է Դեմիրճյանին՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված գործով դատական նիստերին ներկա լինելու հարցով:

Հրապարակային հաշվետվության հարցով Գասպարին մի քանի անգամ գրել է Դեմիրճյանին «Ֆեյսբուք» սոցցանցի միջոցով, սակայն պատասխան չի ստացել: