Home / Տեսանյութեր / Ոչ Ղարաբաղի մասին ու ոչ Թբիլիսիում․ Երևանում քննարկեցին հակամարտությունը

Ոչ Ղարաբաղի մասին ու ոչ Թբիլիսիում․ Երևանում քննարկեցին հակամարտությունը

Անցած շաբաթ Երևանը հայտնվեց իր համար անսովոր՝ փոխզիջումային հանդիպման վայրի դերում։ Հատկապես անսովոր է այն, որ հանդիպման ժամանակ քննարկվում էր կոնֆլիկտ, այն էլ՝ ոչ հայ-ադրբեջանական։ Պարզվեց, որ աշխարհում կան հակամարտություններ, որոնք կապված չեն Ղարաբաղի հետ։ Ու այդ խնդիրները բոլոր իմաստներով ավելի մոտ են, քան մենք՝ հայաստանյան լսարանը, պատկերացնում ենք։

Այսպիսով, Հայաստանի մայրաքաղաքը հարմար գտնվեց տարածաշրջանի հակամարտող երկրների (ճանաչված և ոչ այնքան) «քաղաքացիական հասարակությունների» ներկայացուցիչների համար։ «Քաղաքացիական հասարակության դերն ու ազդեցությունը խաղաղության կառուցման գործընթացում» թեմայով միջոցառումը Երևանի «Իմպերիալ Պալաս» հյուրանոցում էր հավաքել հասարակական գործիչների, իրավապաշտպանների, լրագրողների ու բլոգերների՝ Վրաստանից, Աբխազիայից և Հարավային Օսիայից։ Միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 3-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող COBERM ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի վերահսկողության ներքո։ Կազմակերպիչ՝ Քաղաքացիական լսումների կովկասյան կենտրոն (Վրաստան)։

Զեկուցողներն ու քննարկման մասնակիցները լրագրողների համար անսպասելիորեն արգելեցին լուսաբանել հանդիպումը՝ համաձայնելով մամուլի ներկայացուցիչների հետ խոսել միջոցառումից հետո, թեև հետագա հարցազրույցներում հնչեցրած կարծիքները որևէ կերպ չհակասեցին քննարկման ընթացքում նրանց հայտարարություններին։ Epress.am-ը հրապարակում է մասնակիցների զեկույցների դրույթները, որոնք խմբագրությանը տրամադրվել են կազմակերպիչների կողմից։

դրույթներ

Irina_Yanovskaya1  Իրինա Յանովսկայա՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար (Ցխինվալի կամ առանց «ի»-ի)

– Մոռանալ տեղի ունեցածը, չտրվել զգացմունքներին՝ հեշտ է ասել․ իսկ ինչպե՞ս վարվել իրական կյանքում, ինչպե՞ս դիմանալ պատերազմի ժամանակ ընկերներին ու հարազատ մարդկանց կորցնելու ցավին։

– 1998 թվականի մարդահամարի տվյալներով՝ ԽՍՀՄ-ում խառնամուսնությունների ամենաբարձր տոկոսը կազմում էին վրաց-օսական ընտանիքները։

– Հարավային Օսիայում չեն ընդունում դոնորների, որոնք գալիս են իրենց պատրաստի ծրագրերով, իսկ նրանք, ովքեր իսկապես ցանկանում են աշխատել Հարավային Օսիայում, որպես կանոն, հաշվի են առնում տեղի ՀԿ-ների գաղափարները։

– Լավ կլիներ, եթե դոնորները նաև չընդհատեին խաղաղարար նախագծերի ֆինանսավորումը, քանի որ նման նախագծերը պետք է երկարատև լինեն, առվազն՝ 3 տարով։

– ՀՕՀ-ի (Հարավային Օսիայի Հանրապետություն – խմբ․) քաղաքացիական հասարակությունը ձևավորվել է 20 տարիների ընթացքում՝ Վրաստանի հետ մշտական պատերազմի պայմաններում։

– Այնուամենայնիվ, չարժե կարծել, թե երկիրը բավականաչափ զարգացած քաղաքացիական հասարակություն ունի։

– Մեր պետությունը ստեղծվել է քաղաքացիական հասարակության ու ժողովրդի կամքի շնորհիվ։

– Այսօր երկրում կա իրական ընդդիմություն՝ ինչպես ընդունված է ժողովրդավարության զարգացման պայմաններում։

– «Ընտրությունը քոնն է, Օսիա» կուսակցության առաջնորդ Ալան Ջուսսոևի հարցազրույցից․ «Մենք չունենք ընդդիմություն, որը կոչ է անում վերադառնալ Վրաստան, բայց կան կարծիքներ, որ Հարավային Օսիան կարող է և պետք է ակտիվ երկխոսություն վարի Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ՝ որպես անկախ պետություն։ Կա կարծիք, թե Հարավային Օսիան պետք է վերամիավորվի Հյուսիսայինի հետ՝ ՌԴ-ի կազմում․․․»։

– Հարավային Օսիայի ՀԿ-ների նախագծերն աջակցվում են միայն օտարերկրյա դոնորների ու հիմնադրամների կողմից, ու մի քանիսը՝ ռուսաստանցիների։

– Կա կարծիք, թե ՀԿ-ների գործունեությունը վերածվել է մասնավոր բիզնեսի ձևի։

– Վրաստանցի գործընկերների շրջանում կան անհատ պատասխանատու լրագրողներ, որոնք միշտ ստուգել են ու մինչ օրս էլ վերստուգում են դեպքերի փաստերը օսեթ գործընկերների հետ ու միայն դրանից հետո հրապարակում իրենց նյութերը։

– Ինձ համար, որպես Հարավային Օսիայի յուրաքանչյուր քաղաքացու, կարևոր է՝ ինձ, իմ քաղաքն ու երկիրը ինչ են անվանում․ դա փոխադարձ հարգանք է, որը խաղաղարարության հիմքն է։ Եթե, սակայն, վրաստանցի գործընկերները դա չեն անում, ապա ի սկզբանե նման դեպքերում որևէ խաղաղարարության մասին խոսք գնալ չի կարող։

– Մինչև 2008 թվականը հակամարտության կողմերի ՀԿ-ները մեծ թվով արտագնա հանդիպումներ էին անցկացնում, խաղաղության կոչերով դիմումներ էին ստորագրվում, բայց միևնույն է, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ՝ լույս 08․08․08-ի գիշերը, ու այդ մասին իմացավ ամբողջ աշխարհը։

– Բոլոր քաղաքական հարցերը կարող են քննարկվել միայն պետական մակարդակով պաշտոնական բանակցությունների շրջանակներում, իսկ քաղաքացիական հասարակության կառույցները ոչ մի պարագայում չեն կարող լինել միջազգային բանակցությունների ու արտաքին քաղաքական գործունեության սուբյեկտներ։

– Վրաստանի քաղաքացիական հասարակությունը հիմնականում ընդունակ չէ ազդել Վրաստանի իշխանությունների և քաղաքական գործիչների ընդունած որոշումների վրա։

Kadyr_Argun1  Կադիր Արգուն՝ «Նուժնայա» թերթի լրագրող (Սուխումի կամ Սուխում)։ Առաջին անգամ է մասնակցում նման ձևաչափով հանդիպման ու թերահավատորեն է վերաբերվում խաղաղարարությանը։

– Խաղաղարարությունը պահանջված է այնտեղ, որտեղ կան հակամարտություններ։ Այսինքն, խոսքը գնում է թույլ իրավական համակարգ ունեցող երկրների մասին, որը հակամարտությունները կարգավորելիս չի կարող ապավինել օրենսդրական դաշտին կամ միջազգային իրավունքի նորմերին։

– Մեր ժողովուրդները, խաղաղարարություն ասելով, նկատի ունեն հանրային դիվանագիտության հավաքներ։ Տվյալ համեմատությունը տեղին չէ, քանի որ նմանատիպ հավաքների ժամանակ ընդունվել են կոնկրետ որոշումներ, որոնք իրավական նշանակություն են ունեցել ու պարտադիր կերպով իրականացվել։ Այն խաղաղարարությունը, որի մասին մենք այսօր խոսում ենք, այդ գործառույթը չի կատարում՝ այն կրկին պետք է իրականացվի օրենքի կողմից։

– Ժողովրդավարության խաղերը միշտ հակասությունների են հանգեցնում։

– Խաղաղարարությունը, որին հանդիպում ենք տարբեր հարթակներում, կլոր սեղանների ժամանակ, դա փոխզիջումների որոնում է, երբեմն՝ լիցքաթափում և հիմնական թեմայից շեղում։ Այն հաճախ հասարակության համար բացասական դեր է կրում։ Իսկ մեզ արդյունք է պետք։

– Մեր հասարակությունները կերտված են հակամարտություններից՝ հասարակ մարդկանց միջև, հասարակության և իշխանության միջև, ունևորական, ընտանեկան, ազգային, տնտեսական, և այլն։

– Մեկ այլ փոխզիջումային որոշման ընդունում ի սկզբանե անհնար է, քանի որ փոխզիջումներն աշխատում են այն կողմի օգտին, որն ավելի շատ ռեսուրսներ ունի։

– Աբխազիայում մեծ թվով տարատեսակ հասարակական խաղաղարար կազմակերպություններ կան։ Մի մասը գոյատևում է միջազգային գրանտերի հաշվին, իսկ մի մասին աջակցում է կառավարությունը։ Այլ կատեգորիայի ՀԿ-ներ մեր երկրում շատ քիչ են։

– ՀԿ-ների «դիրքորոշումները» հետագայում դարձան հանրային տրամադրությունների հակակշիռը, ու հասարակությունը սկսեց կասկածանքով վերաբերել ՀԿ-ների ներկայացուցիչների ու դրանց աջակցող հովանավորների արտաքին քաղաքական «նախաձեռնություններին»։

– Վրաստանի հետ միայն մի թեմայի շուրջ կարելի է խոսել, այն է՝ Աբխազիայի անկախության ճանաչումն ու երկրի՝ Վրաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով ոչնչացված տնտեսության վերականգնումը։

– ՀԿ-ները կենտրոնացած են վստահության հաստատման նախագծերի վրա՝ չունենալով հիմք, որը կարող է ապահովել ժողովուրդների միջև նշված վստահությունը՝ Վրաստանի կողմից անկախության, ինչպես նաև ագրեսիայի համար իր պատասխանատվության ճանաչումը։

Zviad_Mchedlishvili1  Զվիադ Մչեդլիշվիլի՝ Հանրային հեռուստաընկերության, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող (Թբիլիսի․ այստեղ առանց «ի»-ի հնարավոր չէ)։

– Որքան ավելի ամուր է քաղաքացիական հասարակությունը, այնքան ավելի քիչ է դրա կախվածությունը պետությունից ու ավելի մեծ՝ ազդեցությունը դրա վրա։ Հնարավոր է՝ հենց այդ պատճառով է այդպիսի հասարակությանը երբեմն հաջողվում ավելի ֆունկցիոնալ լինել, քան պետությունը՝ իր ողջ վարչական ռեսուրսով։

– Պետությունն ի վիճակի է հակամարտություն սկսել, իսկ ահա դրա կարգավորումն արդյունքում մեծ դժվարությամբ է տրվում։ Եթե տրվում է։

– ԶԼՄ-ների համատարած կողմնակալության պայմաններում՝ [քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին] տրվում է հնարավորություն պատմելու իրենց ճշմարտությունը, որը, հաճախ, դեմ առ դեմ զրույցի ժամանակ անսպասելիորեն տարբերվում է այն կարծիքից, որը ձևավորվել է՝ «եփվելով սեփական հյութի մեջ», կարծրատիպերից ու ենթադրություններից։

– Գոյություն ունեն բազմաթիվ թեմաներ, որոնց շուրջ աբխազները, վրացիներն ու օսեթները կարող են անվերջ վիճել, բայց թեմաները, որոնց շուրջ այդ մարդիկ կգան ընդհանուր հայտարարի, ավելի շատ են։

– Թույլ դրական շփման կետն ավելի լավ է, քան հակասության հսկայական անդունդը։

– Հանրային հանդիպումների մասնակիցները կարող են քաղաքականացված լինել, անգամ՝ չափից դուրս, ինչը բնորոշ է մեր տարածաշրջանին․ ընդհանուր առմամբ, նրանք, համենայն դեպս, ազատված են «քաղաքական» նախապաշարմունքներից։ Նրանք պատասխանատու են միայն իրենց բառերի համար, և ոչ մի կերպ՝ պաշտոնական դիրքորոշման։ Հենց դա է նրանց ազատ դարձնում։

– Քննարկվող հարցերի բազմակարծություն հնարավոր է միայն զարգացած քաղաքացիական հասարակությունում, ազատ պետությունում։ Շատ եմ կասկածում, որ, ասենք, Հյուսիսային Կորեայում որևէ մեկը կհամարձակվեր քննարկման դնել Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմ մարտագլխիկներ ուղղելու նպատակահարմարության հարցը։

– Երբեք չեմ եղել Աբխազիայում։ Հարավային Օսիայում վերջին անգամ եղել եմ 2002 թվականին։

– Մասնագիտությանս բերումով՝ սոցիալական ցանցերում սկսեցի շփվել որոշ աբխազների և օսեթների հետ։ Պարզեցի բաներ, որոնց մասին ինձ ոչ ոք չէր պատմել։

– 2008 թվականին պատերազմած օսեթներից իմացա, որ [19]89 թվականի ապրիլի 9-ին իրենք հանրահավաքի էին կանգնած Թբիլիսիում՝ ակցիայի մասնակիցներին աջակցելու համար։

– Մի քանի աբխազներից իմացա, որ նրանք այսօր էլ սիրում են գնալ Թբիլիսի, թեև դա նրանց միշտ չէ, որ հաջողվում է, ու պարզեցի՝ նրանք Թբիլիսիի որ ռեստորաններն են նախընտրում։

– Կան թեմաներ, որոնց շուրջ նույն Թիբիլովի, Մարգվելաշվիլիի և Անկվաբի կարծիքներն ու դիրքորոշումները հասանելի են ու հրապարակային, բայց արդյո՞ք դրանք միշտ են հետաքրքիր։

– Չոր, բայց միևնույն ժամանակ ակտիվ իշխանություն՝ ներքին օգտատերի բավարարվածության աճի հիմք։ Ազատ մարդկանց ազատ երկխոսություն, առանց պաշտոնական բեռի՝ նորմալ, առողջ հարաբերությունների հիմք։

– 18-րդ դարի ամերիկացի փիլիսոփա Թոմաս Փեյնը պնդում էր․ «Քաղացիական հասարակությունը բարիք է, իսկ պետությունը՝ անխուսափելի չարիք։ Որքան ավելի կատարյալ է քաղաքացիական հասարակությունը, այնքան ավելի քիչ այն ունի պետության վերահսկողության կարիքը»։

– Վրացական, աբխազական ու օսեթական քաղաքացիական հասարակություններին պակասում է ծավալայնությունը։

– Ընդհանուր առմամբ, ժողովուրդները շարունակում են ապրել նույն էմոցիոնալ հարթության մեջ, որի մեջ ապրում են արդեն 20 տարի շարունակ։

– Կա մտավախություն դառնալ մարգինալ, այլախոհ, ինչը բնորոշ է պահպանողական հասարակությանը։

Լսումներին նաև մասնակցել են․ Ցխինվալիից՝ «Զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների կոմիտե» մարդասիրական հիմնադրամի նախագահ Զարինա Տեդեթին, «Ընտրությունը քոնն է, Օսեթիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Ալան Ջուսոևը, լրագրող Իգոր Չոչիևը,

Սուխումիից՝ լրագրող, պատմաբան Ռոին Ագրբան, «Այնար» մամուլի ակումբի անդամ Անահիտ Գոգորյանը,

Թբիլիսիից՝ TV 3 հեռուստաընկերության լրագրող Սոֆիա Տետրաձեն, Վրաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Զուրաբ Դվալին, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Գոգա Ապցիուրին։

Ռուսերեն տեքստը պատրաստեց Epress.am-ի համախմբագիր Յուրի Մանվելյանը, ով հանիդպմանը մասնակցել է որպես մոդերատոր։

Լուսանկարները՝ սոցցանցերում զեկուցողների էջերից ու վրացական newcaucasus.com կայքից։