Home / Տեսանյութեր / Գյումրիում Մայիսի 9-ի շքերթի փորձերը ռուսերեն են անցկացվում և Շուշիի մասին չեն խոսում

Գյումրիում Մայիսի 9-ի շքերթի փորձերը ռուսերեն են անցկացվում և Շուշիի մասին չեն խոսում

Գյումրին այս տարի արտառոց խորհրդավորությամբ է պատրաստվում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին․ որոշվել է, որ հայ-ռուսական զորքերի համատեղ ռազմական շքերթն անցկացվելու է քաղաքի հրապարակում․ անցած տարիներին նման բան չի եղել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ միջոցառման նախապատրաստական աշխատանքները մի քանի օր է, ինչ անհարմարություններ են ստեղծել քաղաքի բնակչության համար: Մասնավորապես, քաղաքապետարանը Գյումրիի բուն կենտրոնում է, և այնտեղ գնալու համար քաղաքացիները մոտ 700-800 մետր պետք է անցնեն ոտքով։

«Հրապարակն ու հարակից փողոցները փակում են, որովհետև զրահատեխնիկա է անցնում, ինչպես նաև կանգնած հայկական և ռուսական զորախմբերը, իսկ Շահումյան փողոցով՝ շուկայի մոտից, շարված են զինվորական մեքենաներ, զրահամեքենաներ, բեռնատարներ, հրանոթներ։ Փորձերը օրվա մեջ արվում են մի քանի անգամ», – ասել է Բարսեղյանը։

Մեր զրուցակիցը կարծիք է հայտնել, որ Մեծ Հայրենականի հաղթանակի օրվա նախապատրաստական աշխատանքները  շատ նման են 1941 թվականի նոյեմբերի 7-ին Ստալինի կազմակերպած շքերթին, որն անցկացվել է Կարմիր հրապարակում։

«Տարբերությունն այն է, որ այն շքերթից ուղիղ ռազմաճակատ էին գնում, իսկ սա ուժի ցուցադրում է։ Ռազմական շքերթները տոտալիտար համակարգերի ուժի ցուցադրում են, ու սա նորություն չէ։ Ցավալին այն է, որ փորձերը ընթանում են ռուսերեն լեզվով, ու չգիտեմ՝ բուն շքերթը ռուսերեն կանցկացվի, թե ոչ, բայց հայ գնդապետը՝ շքերթը կառավարող հայ գեներալին զեկուցում է ռուսերեն, հրամանները տրվում են ռուսերեն, ինչը խայտառակություն է», – ասել է Բարսեղյանը։

Նա նշել է, որ դրանով ռուսական իշխանությունն իր պետության շահերն է պաշտպանում՝ «հարցը ավելի շատ Հայաստանի ապաշնորհ իշխանության մեջ է»։

«Վաղուց պետք է համարժեքներ մտածվեին և թույլ չտրվեր, որ պետական միջոցառումը, անգամ շքերթը լիներ օտար լեզվով։ Կարող էին այդ մի քանի հրամանները հայերենով սովորեցնել շքերթին մասնակցող ռուսական զորքին, կամ տրամադրեին փոքր ականջակալներ՝ թարգմանությունները սինխրոն լսելու համար, ու դրանում ոչ մի սարսափելի բան չկա»,- նշել է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը։

Բարսեղյանի ուշադրությունն է գրավել այն հանգամանքը, որ զորահանդեսի փորձերի ընթացքում չի հիշատակվել Շուշիի հաղթանակի օրվա մասին։

«Չգիտեմ՝ բուն տոնակատարության ընթացքում դա երևալու է, շոշափվելու է, թե՝ ոչ, բայց փորձի մեջ հաստատ չէր երևում։ Փաստորեն, ստացվեց այնպես, որ այս շքերթով ստվերվում է Շուշիի հաղթանակը։ Լավ կլիներ, որ Մայիսի 9-ին նշվող տոնակատարության ընթացքում հիշատակվեր նաև Շուշիի ազատագրման մասին», – եզրափակել է Բարսեղյանը։

Լուսանկարը՝ asparez.am