Home / Հայաստան / Իրավապաշտպանների վրա հարձակումը պետք է արժանանա իրավապահ մարմինների արձագանքին․ ՄԻՊ գրասենյակ

Իրավապաշտպանների վրա հարձակումը պետք է արժանանա իրավապահ մարմինների արձագանքին․ ՄԻՊ գրասենյակ

ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակն արձագանքել է Հասմիկ Խաչատրյանին 9 տարի շարունակ ծեծելու, հոգեբանական և ֆիզիկական ցավ պատճառելու մեջ մեղադրվող Սարգիս Հակոբյանի գործով դատական նիստից հետո երեկ Գավառում տեղի ունեցած միջադեպին, երբ մի խումբ անձինք հարձակվել ու հայհոյանքներ են տեղացել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների և լրագրողների վրա։

Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանը դատապարտել է երեկվա միջադեպն ու հույս հայտնել, որ այն պատշաճ արձագանքի և որակման կարժանանա իրավապահ մարմինների կողմից, և միջոցներ կձեռնարկվեն հետագայում նման դեպքերի կանխման համար:

«Կրկին ականատես ենք դարձել իրավապաշտպանների նկատմամբ կատարվող ոտնձգություններին, ինչն էլ հանդիսանում է նման արարքների համար անպատժելիության առկայության, իրավական թերի կարգավորման և իրավասու մարմինների կողմից ոչ լիարժեք արձագանքի արդյունք: Մտահոգիչ է նաև այն, որ չնայած ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքներին, շատերը դեռևս ունեն այն համոզմունքը, որ տղամարդը իրավունք ունի ապտակել կնոջը, իսկ ընտանեկան բռնությունը հայ հասարակությանը հարիր երևույթ է:

Առհասարակ դատապարտելի է նման վերաբերմունքը յուրաքանչյուրի նկատմամբ, իսկ առավել անհանդուրժելի, երբ դրանք ուղղված են այն անձանց, ովքեր պայքարում են այլոց իրավունքների պաշտպանության համար», – մասնավորապես, ասված է ՄԻ պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկվա վիճաբանության հրահրողներից էր «Հայ-ռուսական միավորում» կազմակերպության ղեկավար, նախկին Առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, ով պատրաստվում էր իր թեկնածությունն առաջադրել 2013թ․ նախագահական ընտրություններին։ Դատարանի մոտ նա հայհոյանքներ է տեղացել հավաքված ակտիվիստների և իրավապաշտպանների վրա։ Ռոբերտ Ահարոնյանը հայտարարել է, որ սփյուռքահայերը պետք է «ս․․․իր լինեն» իրենց երկիր։