Home / Հայաստան / Զինվորը մահանալուց առաջ զանգել էր ծնողներին․ հարազատները բացառում են ինքնասպանությունը

Զինվորը մահանալուց առաջ զանգել էր ծնողներին․ հարազատները բացառում են ինքնասպանությունը

Մայիսի 10-ին Տավուշի մարզի զորամասերից մեկի մարտական հենակետում հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող շարքային Ներսես Կարապետյանի միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

«Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ): Տարվում է նախաքննություն», – նշել է մեր զրուցակիցը։

Զինվորի հարազատները Galatv.am-ի հետ զրույցում ասել են, որ Ներսեսը բանակում վարորդ էր, իսկ վերջերս անհանգիստ էր, առավել ևս, երբ արձակուրդ էր եկել, ընկերների հետ էր կիսվել, խոսում էր բենզինից ու կրկնում, որ խնդիրներ ունի, իսկ վերջին օրն արդեն դեպքից մի քանի րոպե առաջ մի քանի անգամ զանգել է ծնողներին, որ հետ զանգեն:

«Ծնողների հետ խոսել է ու, իհարկե, անհանգիստ է եղել՝ բենզինի խնդիրներ են եղել, նա վերջերս անընդհատ ասում էր դրա մասին՝ պահանջում են կամ բենզինը, կամ բենզինի գինը: Բայց ինքը բենզինից տեղյակ չի եղել, բենզինի փողից էլ: Վերջերս հաճախ էր դիմում, մեկ շաբաթ առաջ էլ էր դիմել արձակուրդ գալուց առաջ», պատմել է Ներսեսի հորաքրոջ ամուսինը՝ Զավեն Կարապետյանը։

Նա նշել է, որ տղայի հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը։

«Բայց մինչև այսօր դեռ ոչ ոք չի եկել, ծնողներին դեպքի առթիվ որևէ տեղեկություն չի հաղորդել: Բնական է ծնողների վիճակը, ծանր է… մարդիկ երեխա են ուղարկում… Հատկապես այս դեպքը, որ զինվորը գնացել էր սահման՝ հակառակորդից սահման պահելու, բայց զոհվում է հենց մեր գնդակից: Մեզ ասել են, որ ինքը դիրքերում է եղել, թեև նախկինում երբեք դիրքեր չի գնացել, որովհետև վարորդ էր՝ զինվորներին էր սահման տեղափոխում: Իսկ այդ օրը նա հերթապահության է եղել, դեպքից մի քանի րոպե առաջ երեք զանգ է կատարել ծնողներին, որ նրանք հետ զանգեին»,- պատմել է հորաքրոջ ամուսինը:

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Կարապետյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել էր մայիսի 10-ին, ժամը 08:50-ի սահմաններում՝ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում: Զինվորը մահացել էր Իջևանի բժշկական կենտրոն տեղափոխվելիս։

Լուսանկարը՝ Galatv.am