Home / Հայաստան / Լուկաշենկոն ցանկանում է ուժեղ և միասնական Ուկրաինա տեսնել

Լուկաշենկոն ցանկանում է ուժեղ և միասնական Ուկրաինա տեսնել

Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Յեժելի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ դեմ է Ուկրաինային ինչ-որ ռազմական միավորումների մեջ ներքաշելուն ու այդ երկիր զորքեր մտցնելուն, հայտնում է «Բելապան»-ը՝ հղում կատարելով նախագահի մամուլի ծառայությանը։

Դեսպանի հետ հանդիպումը նա խորհրդանշական է անվանել․ «Սա բնական է, քանի որ ես բազմիցս խոսել եմ մեր Ուկրաինայի, տեղի ունեցող գործընթացներին մեր ներգրավվածության մասին։ Ու, թերևս, Ուկրաինան, Ուկրաինայի ժողովուրդն ու իշխանություններն ինձ ոչնչում չեն կարող մեղադրել։ Մենք փորձում էինք ճշգրիտ հավասարակշիր դիրքորոշում ընդունել, միևնույն ժամանակ, բացահայտ հայտարարելով, որ անձամբ ինձ համար, ինչպես նաև պետության տեսանկյունից Ուկրաինան մեզ շատ մոտ է»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում կայքը։

Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ Ուկրաինայում ընթացող բացասական գործընթացներն արագ կավարտվեն։

«Որպեսզի Ուկրաինան զարգանա՝ որպես միասնական ամբողջական պետություն, որպեսզի դա լինի մեր Ուկրաինան։ Մենք անգամ չենք պատկերացնում, որ Ուկրաինան կարող է երբևէ զբաղեցնել Բելառուսին հակառակ դիրքորոշում։ Ես բացահայտ խոսել եմ մեզ մտահոգող հարցերի շուրջ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ կապված։ Պետք չէ Ուկրաինային ներքաշել ինչ-որ միավորումների մեջ, այնտեղ ինչ-որ զորքեր մտցնել»,- վստահ է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է Ուկրաինա լինի։

«Այդ 45 միլիոնանոց բնակչությունը մեզ շատ մոտ ժողովուրդ է։ Ուկրաինան ինքնաբավ երկիր է, ու եթե նրան օգնել, այլ ոչ՝ խանգարել, այն կդառնա նաև շատ ազդեցիկ երկիր։ Հավանաբար, սակայն, ինչ-որ մեկը չի ուզում՝ այն ուժեղ ու ազդեցիկ լինի, բայց դա ոչ իմ դիքորոշումն է, ոչ էլ՝ Բելառուսի ժողովրդի։ Մենք ուզում ենք ուժեղ Ուկրաինա տեսնել, որի հետ կարելի է համագործակցել, առևտուր անել՝ ինչպես անում էինք վերջին տարիներին։ Մենք որոշակի աճ էինք գրանցել։ Հուսով ենք, որ կվերադառնանք այդ ծավալներին, ու մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ անել ամեն հնարավորը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։