Home / Հայաստան / Կուտակայինի հարցում ճնշումների ենթարկվածներին հորդորում են ապացույցները պահել դատարանի համար

Կուտակայինի հարցում ճնշումների ենթարկվածներին հորդորում են ապացույցները պահել դատարանի համար

Նոր կուտակային ծրագիրը մեծ անհարմարություններ է ստեղծում, քանի որ ստիպում է, որպեսզի քաղաքացիները դիմում գրեն դրան չմասնակցելու համար։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ ասել է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը։ Նա հայտնել է, որ նախաձեռնության ակցիաները շարունակվելու են, քանի որ հարցը լուծված չէ։

«Ինչպես մեր պայքարակիցներից մեկն ասաց, եթե բնակչության 80 տոկոսն է դեմ, ինչո՞ւ պետք է այդ 80 տոկոսը դիմում գրի։ Մյուս խնդիրն այն է, որ մենք պայքարում էինք պարտադիր համակարգի դեմ, այժմ, սակայն, համակարգը մնացել է պարտադիր, մարդու մասնակցությունն է կամավոր։ Դա նշանակում է, որ պայքարը պետք է շարունակվի, և վիճահարույց կետերը պետք է չլինեն»,- ասել է Խաժակյանը։

«Հիմա պետք է սպասել, որ հրապարակվի օրենքի նախագիծը, դրանից հետո մշակվելու և հրապարակվելու է դիմումի տարբերակը, նաև շարունակվելու են իրազեկման և այլ տիպի ակցիաները»,- ասել է «Դեմ եմ»-ի անդամ Լուսինե Վաթյանը։

Շարժման մասնակիցները կոչ են արել բոլոր նրանց, ովքեր ճնշումների կենթարկվեն, հանրայնացնել այդ հարցը և տուրք չտալ գործատուին՝ կուտակայինին միանալու համար։

«Ճնշումները բառիս բուն իմաստով հանցագործություն է, լավ կլինի, որ ճնշումների ենթարկվածները պահեն ապացույցներ՝ դատարանում օգտագործելու համար»,- ասէլ է Խաժակյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն ընդունել է կուտակային համակարգի մասին օրենքը։