Home / Հայաստան / Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանն ասել է՝ ինչպես է խախտվել Եվրոպայի կոնվենցիան

Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանն ասել է՝ ինչպես է խախտվել Եվրոպայի կոնվենցիան

Հայ և ֆրանսիացի բոլոր իրավաբաններն այսօր գիտեն, որ այս դատավարությունն ընթանում է եվրոպական կոնվենցիայի խախտմամբ, կոնվենցիա, որը ստորագրված է նաև Հայաստանի կողմից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է դերասան Վարդան Պետրոսյանի (լուսանկարում) ֆրանսիացի փաստաբան Մարի Դոզեն։ Նրա խոսքով՝ Պետրոսյանի գործի համար Հայաստանը կդատապարտվի Եվրոպական դատարանում՝ անգամ եթե դա լինի 5-6 տարի հետո։

«Ինչու եմ այսքան վստահ ասում, որովհետև 2013-ի հոկտեմբերին Ֆրանսիան դատապարտվել է նման հարցով։ Այն պահից, երբ Հայաստանը ստորագրել է Եվրոպական կոնվենցիան՝ Հայաստանի հետ կապված 48 վճիռներով 43-ի դեպքում Եվրադատարանը դատապարտել է Հայաստանին, որոնց թվում 20 անգամ ազատության ու ապահովության անվտանգության, 17 անգամ արդարացի դատաքննության հիմքերով։ Վարդանի գործը դասվելու է այս գործերի շարքին, այսինքն՝ նոր դատապարտություն Հայաստանի համար։ Չգիտեմ՝ մինչև երբ են դատավորները հանդուրժելու, որ իրենց երկիրը դատապարտվի, որովետև հիմա ավելի շատ ուզում են դուր գալ հանրային կարծիքին, քան իրավունքի գծով աշխատել», – ասել է բանախոսը։

Նա թվել է մի քանի կետեր, որոնք խախտում են պարունակում։ Դոզեի խոսքով՝ կոնվենցիայի խախտում է, մասնավորապես, այն, երբ մարդուն չեն մեղադրում ինչ-որ հանցանքի համար, օրինակ, հարբած լինելու, այնուհետ որոշում են, որ այդ հարցում նա պետք է մեղադրվի։

«Կոնվենցիայի ոտնահարում է, երբ երկարաձգում են նախնական կալանքը՝ առանց ասելու՝ ինչու և ինչքան ժամանակով, ոտնահարում է նաև այն, երբ այս աստիճանի խառնվում են, ու հնարավոր չէ տարբերակել մեղադրող կողմին տուժող կողմի փաստաբանից։

Ես չեմ կարողանում հասկանալ՝ ով ով է։ Ես իմ ելույթում նշեցի այն յոթ չափորոշիչները, որոնց պահպանմամբ նախնական կալանքը կարող է օրինական համարվել։ Օ, հրաշք, ամիսներ շարունակ դատարանը չէր ասել, թե ինչու է Վարդանը կալանքի տակ վերցված, վերջապես, մի կերպ կարողացել է երկու հիմք ներկայացնել՝ նախնական կալանքը պետք է շարունակվի, հակառակ պարագայում փախուստի վտանգ կա։ Բայց ի՞նչ փախուստի վտանգի մասին է խոսքը, ոչ ոք չգիտի, երկրորդը, որ նշվում է ՝ նա պետք է պահվի կալանքի տակ, որովհետև հակառակ պարագայում կարող է ճնշում գործադրել վկաների վրա, մասնավորապես, այն վկայի, որը պետք է խոսի նրա հարբած կամ սթափ լինելու մասին», – նշել է փաստաբանը։

Վերջինս ընդգծել է, թե իր խնդիրը չէ պարզել՝ կա՞ արդյոք Վարդանին հալածելու, Վարդանի հետևից ընկնելու հատուկ վերաբերմունք, ինչպես նաև ավելացրել է, թե չգիտի՝ այս դատավարությունն ակնհայտ արտացոլում կամ ցույց տալի՞ս է հայկական արդարադատության, դատարանների վիճակը։

«Շատ օգտակար կլինի նշել, որ ոչ թե մեղադրյալը պետք է ապացուցի իր անմեղությունը, այլ մեղադրող կողմը պետք է ապացուցի մեղավորությունը։ Ամիսներ շարունակ իրերը գլխի վրա են շուռ եկած, տեղի ունեցածը տեսնելով՝ իսկապես վշտացած եմ։ Այն դեպքում, երբ Վարդան Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել հարբած լինելու մեջ, որ դատարանը որոշում է կայացնում ալկոհոլի օգտագործման վերաբերյալ քննություն կատարել։ Կարծես տպավորություն է, երբ քննությունն ապացուցում է, որ դուք ինչ-որ բանում անմեղ եք, և ձեզ դատարանի առաջ են ուղարկում այլ իրավախախտումներ կատարելու համար, սակայն հանկարծ դատավորը սեփական նախաձեռնություն է հանդես բերում՝ ձեզ մեղադրելու այլ բաներում, որոնք ներկայացված չեն մեղադրանքում։ Իրավիճակը Կաֆկայի ստեղծագործություններն է հիշեցնում ու երևույթը չափազանց անհանգստացնող է»,- ասել է բանախոսը։

Ֆրանսիացի փաստաբանի համար անհասկանալի է ալկոհոլի կապը այս գործում, որովհետև եթե Պետրոսյանին դրանում չեն մեղադրում, ապա ինչու են միայն այդ մասին խոսում։

«Երբ առաջին անգամ եկա Երևան ու չկարողացա դատարանում հանդես գալ, նիստի դահլիճում տուժողները շարունակ դիմում էին Վարդան Պետրոսյանին, ասելով՝ «ասա, որ խմած ես եղել, ասա, որ խմած ես եղել»։ Ուրբաթ օրվա նիստին տուժողի ներկայացուցիչներից մեկը դիմեց Պետրոսյանին, ասելով՝ «թշվառ հարբեցող»։ Երեկվա իմ ելույթը հիմնականում շեշտադրել եմ Վարդանի նախնական կալանքի հարցի վրա, որովհետև դա նրա անմեղության կանխավարկածի ոտնահարում ու խախտում է։ Ես ուզում եմ պայքարել ինչ-որ մեկի, այլ ոչ թե էմոցիայի, հուզումի դեմ։ Կուզենայի կռիվ տալ դատախազի, մեղադրող կողմի, փաստարկի դեմ, բայց մենք մեր դիմաց չունենք այդ մարդկանց, ունենք իսկապես տառապած, վիշտ տեսած ընտանիքներ, ու դա է պատճառը, որ դատախազն ու տուժողների փաստաբանը միասին են նստած՝ երբ փաստարկներ չունես, պետք է հենվես հուզումների, արցունքների վրա։ Չգիտեմ՝ ինչ են այսօր քննում դատարանում, բայց հաստատ ճանապարհատրանսպորտային պատահար չեն քննում», – ասել է Դոզեն”

Փաստաբանը ցավալի և ողբալի է համարել Պետրոսյանի պահման վայրն ու պայմանները, ինչպես նաև հավելել, որ բանտը սոսկալի ու ահավոր է ոչ միայն Վարդանի, այլև մյուսների համար՝ «սրա համար ևս Հայաստանը դատապարտվելու է»։

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ավտովթարի համար՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էր նույն ուղղությամբ ընթացող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը և 5 ուղևորները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից երկուսը մահացել էին: