Home / Հայաստան / «Բելառուսական հողերի համար կպայքարեմ անգամ Պուտինի դեմ»․ Լուկաշենկո

«Բելառուսական հողերի համար կպայքարեմ անգամ Պուտինի դեմ»․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Դոժդ» հեռուստաալիքի եթերում Քսենիա Սոբչակի հետ զրույցում հայտարարել է, որ որևէ մեկին թույլ չի տա բելառուսական հողից անգամ մի կտոր խլել։

Սոբչակի հարցին՝ արդյոք Բելառուսում կարող է կրկնվել Ուկրաինայի սցենարը, Լուկաշենկոն պատասխանել է․ «Ոչ մի դեպքում։ Այդ սցենարները Բալառուսում չեն լինի։ Համենայն դեպս, քանի դեռ ես նախագահ եմ։

Նշանակություն չունի՝ ով կգա Բելառուս, ես կպայքարեմ։ Եթե անգամ դա լինի Պուտինը»։

Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանը պետք է նախ իր հողերը մշակի, հետո անցնի ուրիշներին։

Անդրադառնալով Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ Դոնեցկում և Լուգանսկում անցկացված «ֆեդերալիզացիայի վերաբերյալ հանրաքվեները իրավական տեսանկյունից որևէ նշանակություն չունեն»։

«Չեմ խոսում այն մասին, թե ինչ պայմաններում էր անցկացվում հանրաքվեն․․․Յուրաքանչյուր հանրաքվե պետք է համապատասխանի սահմանադրությանը»,- նշել է Լուկաշենկոն։

Հարցին՝ արդյոք այդ հանրաքվեները կազմակերպվել են անջատողականների կողմից, Բելառուսի նախագահը պատասխանել է․ «Դա անձնական նախապատվություն է։ Ինչ-որ մեկն ուզում է անջատողականություն անվանել, իսկ ես ուզում եմ ասել, որ Ուկրաինայում շատ անմտածված քայլեր, սխալներ են արվել։ Ես շատ լավ գիտեմ՝ Ուկրաինայում ինչ է կատարվում։ Ավելի լավ, քան որևէ մեկը Ռուսաստանում։ Տարբեր պատճառներով, տարբեր աղբյուրներից։ Ժողովրդին թմրացրել են, ժողովուրդը ապշած է, չի հասկանում է՝ ինչ է կատարվում։ Ֆեդերալիզացիա, ապակենտրոնացում, եվրաինտեգրում և այլն։

Այստեղ Պուտինը ճիշտ է․ պետք է հավաքվել ու խոսել այդ, այսպես կոչված, անջատողականների հետ, պարզել՝ նրանք ինչ են ուզում։ Հորդորել չկրկնել Յանուկովիչի սխալը»։

Լուկաշենկոյի կարծիքով՝ քանի դեռ Ուկրաինայում չկա ազգային առաջնորդ, այնտեղ «խառնաշփոթ կլինի»։ «Այս իրավիճակում առաջնոր է պետք, մարդ, ով կգա ու կասի՝ ահա, այսպես կանենք, ու բոլորը կհետևեն»,- ասել է նա։

Բելառուսի նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ Ուկրաինայի միասնության կողմնակիցն է։ Հարցին՝ արդյոք այդ մասին տեղյակ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Լուկաշենկոն պատասխանել է․ «Անշուշտ։ Ես այդ մասին նրան բազմիցս ասել եմ»։