Home / Հայաստան / Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում հիշեցրել է նախարարների անցյալի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում հիշեցրել է նախարարների անցյալի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում ասել է, որ Կառավարությունում միայն 4 անդամ կա, ով բիզնես գործունեություն չի վարում: Պատգամավորը հիշեցրել է, որ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը երկար տարիներ հետախուզվել է «մազութի գործով» դատավարության շրջանակներում, երբ շորթվել էր 4.2 միլիոն դոլար, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին ամբողջ հասարակությունը առանց չափազանցության հայհոյում է՝ Երևանի ճարտարապետական դեմքը փչացնելու համար:

Զուրաբյանը նաև անդրադարձել է Արդարադատության նախարարին, ով, նրա գնահատմամբ, դատական համակարգում կոռուպցիոն բուրգի ճարտարապետն է և աշխատել է նաև Մարտի մեկի գործով դատական պրոցեսների վրա:

Դիմելով Հովիկ Աբրահամյանին՝ Զուրաբյանն ասել է. «Դեռ ծրագիրը չհաստատած՝ դուք որպես այս կառավարության խորհրդանշական ամենակարեւոր քայլերից մեկը որոշեցիք հանել այսպես կոչված շքեղության հարկը: Այդ քայլը տալիս էր բացառապես թանկարժեք մեքենաներ ներկրող մի քանի մեծահարուստին հնարավորություն՝ մինչև Մաքսային միություն մտնելը ներկրել նման մեքենաների մեծ խմբաքանակ ու վերավաճառել դրանք Ռուսաստանում՝ ստանալով գերշահույթներ: Մյուս կողմից՝ այն ուղղված էր մի քանի հարյուր մեծահարուստ սպառողների ծախսային բեռի թեթևացմանը: Այստեղ նորից դուք ձեզ դրսևորեցիք որպես մեծահարուստների, օլիգարխների կառավարություն»:

Զուրաբյանի խոսքով՝ կառավարությունը փորձում է ոչնչացնել խոշոր ձեռնարկությունների նկատմամբ ներդրողների և հանրության վերահսկողության առաջին ծիլերը:

«Ըստ էության, դրդում եք գործարարներին, որ նրանք ոչ թե բաց հաշվապահություն պահեն և ստուգված տեղեկություններ մատուցեն ներդրողներին, հանրությանն ու հարկային մարմիններին, այլ գնան ստվերային բանակցությունների ու գործարքների՝ հարկային տեսչության հետ՝ պարարտ հող ստեղծելով կոռուպցիայի, բիզնեսի և իշխանության սերտաճման և ստվերային տնտեսության ընդլայնման համար՝ ի հաշիվ մրցակցային տնտեսության զարգացման»,- ասել է պատգամավորը:

Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը, Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով Լևոն Զուրաբյանի ելույթի՝ իրեն վերաբերող հատվածին, պնդել է, թե ինքը որևէ դատական կոռուպցիայի մեջ ներգրավված չէ, և Զուրաբյանին զրպարտության համար դատի չի տալիս միայն այն պատճառով, որ ժամանակ չունի:

«Այո, ով է ասել, որ կոռուպցիա չկա: Բայց ես դրա հետ որևէ կապ չունեմ: Մենք փորձելու ենք պայքար տանել դրա դեմ»,- վստահեցրել է Մանուկյանը:

Իր ունեցվածքի մասին հայտարարությանը Մանուկյանը հարցով է պատասխանել․ «Ո՞վ չունի ունեցվածք»: