Home / Հայաստան / Արքայազն Չարլզից բացատրություն են պահանջում Պուտինին Հիտլերի հետ համեմատելու համար

Արքայազն Չարլզից բացատրություն են պահանջում Պուտինին Հիտլերի հետ համեմատելու համար

Ռուսաստանի ԱԳՆ-ն Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից պաշտոնական բացատրություններ է պահանջել թագաժառանգ արքայազն Չարլզի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած քննադատության վերաբերյալ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչին։

Ավելի վաղ The Daily Express-ը հայտնել էր, որ արքայազն Չարլզը քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունն Ուկրաինայի և Ղրիմի հարցում։ Մայիսի 21-ին Կանադայի Գալիֆաքս քաղաք իր այցի ժամանակ Անգլիայի թագաժառանգը Պուտինին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ։ «Պուտինն անում է այն, ինչ անում էր Հիտլերը»,- ենթադրաբար, ասել է արքայազնը։

Նշենք, որ հունիսի 6-ին պետք է տեղի ունենար Վլադիմիր Պուտինի և արքայազն Չարլզի հանդիպումը Նորմանդիայում։ Այսօր, սակայն, հայտնի է դարձել, որ բրիտանացի արքայազնը ՌԴ նախագահի հետ, այնուամենայնիվ, չի հանդիպի։

Արքայազն Չարլզի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանություններից։