Home / Հայաստան / Արթուր Ալեքսանյանի հետ կապված միջադեպի արթիվ քրեական գործ չի հարուցվի

Արթուր Ալեքսանյանի հետ կապված միջադեպի արթիվ քրեական գործ չի հարուցվի

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ու նրա եղբոր` Ռաֆայելի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործի հարուցումը, գրում է iLur.am-ը։ 

Ըստ Վարդան Նադարյանի շրջապատին մոտ կանգնած կայքի աղբյուրների՝ ոստիկանապետին մի կերպ հաջողվել է, օգտագործելով Գյումրիի քրեական հեղինակություններին և Ալեքսանյանների հետ մոտիկ հարաբերություններում գտնվող մարդկանց, հաշտության գալ եղբայրների հետ, այդ իսկ պատճառով էլ ՀՔԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը: 

Հիշեցնենք, որ, Ilur.am-ի տեղեկություններով, Ալեքսանյանն իր եղբայր Ռաֆայելի հետ իր ավտոմեքենայով պարապմունքից վերադառնալիս լսել է ձայնային ազդանշան: Ալեքսանյանը կարծել է, որ մեքենան ճանապարհ է ուզում, և «աջ է քաշել»: Երբ ետևից ընթացող մեքենան հավասարվել է Ալեքսանյանի կողմից վարած Մերսեդեսին, ըմբիշին ձայն է տվել մեքենայի առջևի ուղևորատեղին նստած տղամարդը. «Բա էս լավ տղա եք, հա՞, խի՞ լավ աջ չես քաշում»: Երբ Ալեքսանյանը կանգնեցրել է մեքենան և եղբոր հետ իջել, նրանց «դիմավորել է» ոստիկանության գնդապետ Նադարյանը, որն անսթափ վիճակում է եղել:

«էս լավ տղա եք, հա՞, հեսա գնանք քաղմաս, ձեզնից լավ տղա եմ սարքելու»,- ասել է Նադարյանը և հանել իրեն ամրակցված ատրճանակը ու կոթով հարվածել Ռաֆայել Ալեքսանյանին (Ռաֆայելը նույնպես ըմբիշ է, մի շարք միջազգային առաջնությունների մեդալակիր): Ապա, Նադարյանն ատրճանակը լիցքավորել է և պահել Արթուր Ալեքսանյանի կրծքին` ասելով. «Էդքան լավ տղա ես, կգաս բաժին, կխոսենք»: Երբ ոստիկանապետի վարորդը զգուշացրել է, որ դիմացը «մեր չեմպիոնն է», Նադարյանը մի պահ շփոթվել է, հետո հապշտապ նստել է մեքենան ու հեռացել:

Ավելի ուշ Slaq.am-ը գրել է, թե Ալեքսանյանն իրենց հետ զրույցում հայտնել էր, որ «մամուլում շրջանառվող լուրերն ամբողջությամբ սուտ են»:

Epress.am-ի հետ զրույցում Ալեքսանյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր Նադարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին լուրերը։ Նա նշել էր, որ չի պատրաստվում այդ թեմայի հետ կապված որևէ մեկնաբանություն տալ։

«Ես մինչ այս պահը ոչ մեկի հարցազրույց չեմ տվել, չեմ էլ պատրաստվում», – ասել էր նա։

Epress.am-ի հարցին, արդյոք հարցազրույց չի՞ տվել Slaq.am-ին, որտեղ իր անունից հերքվում է տեղի ունեցածը, Ալեքսանյանը կրկին պնդել է, որ ոչ մի լրատվամիջոցի հետ այդ թեմայով չի զրուցել։ «Այդ առթիվ զանգեր շատ եմ ստացել, բայց որևէ մեկին չեմ պատասխանել», – ասել է մարզիկը։

Լուսանկարը՝ «Իմ գյումրի» կայքից