Home / Հայաստան / Արագաչափերով գանձվող գումարը պետք է վերանայվի․ փոխոստիկանապետ

Արագաչափերով գանձվող գումարը պետք է վերանայվի․ փոխոստիկանապետ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն անհամաչափ է համարում արագաչափերով չափված խախտումների գումարները, հատկապես, որ դրանց 70 տոկոսը գնում է համակարգը ներդրողին, և միայն 30 տոկոսն է, որ մտնում է պետական բյուջե։ Այս հարցն այսօր ԱԺ-ում բարձրացրել է պատգամավորը՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանի ներկայացրած 2013 թվականի հաշվետվությունից հետո։ Օսիկյանն ասել է, որ տուգանքներից պետական բյուջե մուտք է գործել 11.6 միլիարդ դրամ։

Պատասխանելով Ջհանգիրյանին՝ ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ անցյալ տարվա սեպտեմբերից արագաչափերի տուգանքներից 50 տոկոսը մտնում է պետբյուջե, քանի որ ներդրող կազմակերպությունն իր ներդրած գումարը հասցրել է «հետ բերել»։

Ջհանգիրյանի պնդմանը, թե տուգանքները համաչափ չեն ոչ նվազագույն աշխատավարձին, ոչ միջին աշխատավարձին, Օսիկյանը պատասխանել է, որ դրանց չափը պետք է վերանայվի։ Ըստ նրա՝ նախատեսվում է ևս 35 նոր արագաչափերի տեղադրում։