Home / Տեսանյութեր / ԿԲ նախագահը վստահ է, որ 2020 թվականին նույն պաշտոնն է զբաղեցնելու

ԿԲ նախագահը վստահ է, որ 2020 թվականին նույն պաշտոնն է զբաղեցնելու

Այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի հաշվետվության ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի (ԿԲ) ղեկավար Արթուր Ջավադյանին հարցրել է՝ ինչու է 2013 թվականին աննախադեպ գումարներ հատկացվել արտաքին պարտքի մարմանը:

Պատգամավորը նշել է, որ 2013 թվականին արտաքին պարտքի սպասարկման համար հատկացվել է 861 միլիոն դոլար, այսինքն՝ բյուջեի 33 տոկոսը: Փաշինյանը նշել է, որ մեծ աճ է լինելու նաև 2020 թվականին՝ 1 միլիարդ դոլար:

Ջավադյանի խոսքով՝ աճը պայմանավորված է նրանով, որ ընդունվել է քաղաքական որոշում՝ մարել 2009 թվականին վերցված ռուսաստանյան վարկը:

«Մեր արտաքին պահուստների կառուցվածքը համահունչ է մեր արտաքին պարտքին թե՛ արժույթով, թե՛ ժամկետներով: Մենք ունակ կլինենք մարելու այդ պարտքը», – ասել է Ջավադյանը:

Նա նաև նշել է, որ եթե արտաքին պարտքի մի մասը չմղվեր 2020 թվական, ապա այդ բեռը կկուտակվեր 2014-2015 թվականների վրա:

Փաշինյանը հակադարձելով ասել է, որ փաստորեն ԿԲ-ն առաջնորդվել է «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով, քանի որ 2020 թվականին ներկա իշխանությունը այլևս իշխանության չի լինի:

Ջավադյանը վստահություն է հայտնել, որ 2020 թվականին էլ ինքն է լինելու Կենտրոնական բանկի ղեկավարը: