Home / Հայաստան / Նախագահականում հաշվել են Սերժ Սարգսյանի այցերն ու ընդունելությունները

Նախագահականում հաշվել են Սերժ Սարգսյանի այցերն ու ընդունելությունները

2013 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է 2 նախագահի և 14 արտգործնախարարի։ Ինքը՝ ՀՀ նախագահը, իրականացրել է 16 պետական և պաշտոնական այց։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին՝ 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

Վիգեն Սարգսյանը նշել է, որ նախագահն ընդունել է նաև մասնավոր այց կատարած Ուելսի արքայազն Չարլզին, ինչպես նաև՝ 30 օտարերկրյա դեսպանի։

2013 թվականին նախագահի աշխատակազմը կազմել է շուրջ 230 տեղեկանք ու եզրակացություն, նախագահի ստորագրությանը ներկայացրել 228 օրենք և 130 միջազգային պայմանագիր, պատրաստել 375 հրամանագիր, 241 հրաման և 604 հաղորդագրություն։ Սերժ Սարգսյանի աշխատակազմը ստացել շուրջ 12․1 հազար նամակ-բողոք և ընդունել 6700 քաղաքացու։

Նախագահի աշխատակազմի 2013 թվականի ընդհանուր ծախսերը կազմել են 2,968 միլիարդ դրամ, կամ պլանավորվածի 97,4%-ը։ Տարվա արդյունքներով՝ տնտեսվել է 106,3 միլիոն դրամ։