Home / Հայաստան / Քաղաքապետի թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել «հանուն Գորիսի», վստահ է մարզպետը

Քաղաքապետի թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել «հանուն Գորիսի», վստահ է մարզպետը

Սյունիքի մարզի մարզպետ Վահե Հակոբյանը (լուսանկարում) այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների վրա որևէ ճնշում չի գործադրվել և նրանք ինքնակամ են ինքնաբացարկ հայտնել:

«Տիգրան Կարապետյանը հայտարարել է, որ, հաշվի առնլեով իրավիճակը, հանուն Գորիսի, որպեսզի ընդվզումներ չլինեն, մարդը նպատակահարմար է գտել ինքնաբացարկ ներկայացնել»,- ասել է մարզպետը։

Նշենք, որ Գորիսից արձագանքել էին, թե գորիսցիների մեծ մասը ցանկություն չունի մասնակցել ընտրություններին և քաղաքում տիրում է հուսահատության մթնոլորտ, քանի որ քաղաքապետի չորս թեկնածուներից երկուսը՝ Տիգրան Կարապետյանն ու Արա Բուդաղյանը, հանել են իրենց թեկնածությունները։

Մարզպետը նաև հերքել է Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը, թե ընտրությունները կարելի է ավարտված համարել։

Վահե Հակոբյանն ասել է, որ օրեր առաջ Գորիսում տեղի ունեցած դանակահարությունը կապ չունի ընտրությունների հետ։

Նշենք, որ մայիսի 25-ին Էներ Խաչատրյանը՝ իր ընկերների հետ, հարբած վիճակում մտել է Գորիսում Կուլակ անունով հայտնի մարդու տուն և դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին և Գոռին:  

«Ես համոզված չեմ, որ այդ ծեծկռտուքը քաղաքական ենթատեքստ ունի։ Կան քրեական էլեմենտներ, այդ հարցը իրավական լուծում է պահանջում։ ես ասելիք չունեմ»,- ասել է Վահե Հարոբյանը։