Home / Հայաստան / ԱՆ ծննդօգնության խորհրդում կքննարկեն հղի կնոջ մահվան դեպքը

ԱՆ ծննդօգնության խորհրդում կքննարկեն հղի կնոջ մահվան դեպքը

Մայիսի 28-ին, ժամը 22։30-ի սահմաններում Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում արձանագրված մայրական մահվան դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ Գյումրի է մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը մասնագետների խմբի` անեսթեզիոլոգի, ռեանիմատոլոգի և մանկաբարձ-գինեկոլոգի հետ։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության կայքը։ Նշենք, որ 39-ամյա Կարինե Պապանյանի երեխան նույնպես մահացել է՝ դեռ չծնված։

Հաղորդագրությունում նշված է, որ խումբը կապի մեջ է եղել ՀՀ ԱՆ գլխավոր ռեանիմատոլոգ Անատոլի Գնունու հետ, տեղում ծանոթացել են բժշկական փաստաթղթերին, այդ թվում` ծննդաբերության պատմությանը, ինչպես նաև ձեռնարկված բժշկական միջոցառումներին։

«Կինը եղել է ծննդաբերության առաջին շրջանում, առողջական ցուցանիշները` զարկերակային ճնշումը, անոթազարկը, շնչառությունը, եղել են նորմալ։ Վիճակը հանկարծակի կտրուկ վատացել է, արձանագրվել է գիտակցության կորուստ, շնչառության կանգ, անոթազարկի բացակայություն։ Ռեանիմատոլոգի կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումները, ցավոք, արդյունք չեն տվել և արձանագրվել է կենսաբանական մահ։ Ենթադրյալ ախտորուշումն է` 41-42 շաբաթական հղիություն, երրորդ աստիճանի ճարպակալում, ծննդաբերության առաջին շրջան, պտղաջրերի վաղ արտահոսք։ Մահվան հավանական պատճառն է հարպտղաջրային էմբոլիան», – տեղեկացնում է կայքը, ապա հավելում, որ ուսումնասիրության արդյունքները կքննարկվեն ՀՀ ԱՆ ծննդօգնության խորհրդում։

Կայքը ընդգծել է, որ նախարարի կողմից ղեկավարվող խորհուրդն այսուհետև քննարկելու է նաև բոլոր այն բարդությունները, որոնք կարող են հանգեցնել նման ելքի։