Home / Տեսանյութեր / Լյուքս Ստեփանյանի գործով վճիռը չհրապարակեցին․ մեղադրյալը հիվանդանոցում է

Լյուքս Ստեփանյանի գործով վճիռը չհրապարակեցին․ մեղադրյալը հիվանդանոցում է

Մեկ տարի առաջ Նոյեմբերյանի զորամասերից մեկում ծառայակցի կողմից հրազենային մահացու վիրավորում ստացած շարքային Լյուքս Ստեփանյանի (լուսանկարում) գործով դատական նիստն այսօր հետաձգվել է մեղադրվող Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով։ Այս մասին Epress.am-ին պատմել է Ստեփանյանի իրավահաջորդի փաստաբան Արմեն Սարգսյանը։ Պաշտպանի խոսքով՝ այսօր ժամը 12։30-ին նշանակված դատական նիստի ընթացքում պետք է հրապարակվեր վճիռը, սակայն պատասխանող կողմը դատարանում հայտարարել է, թե մեղադրյալի վիճակը լավ չէ։

«Ժողովուրդը շատ հուզված էր (նկատի է ունեցել Ստեփանյանի հարազատներին-խմբ), անգամ վիճաբանություն էր սկսվելու, հետո կանխվեց։ Անորոշ վիճակ է ու մարդիկ չգիտեն՝ երբ կավարտվի դատաքննությունը։ Տուժող կողմը ուզում է հասկանալ՝ ինչով է ավարտվելու այս դատավարությունը ու ընդհանրապես ինչ է լինելու այս անորոշության վերջը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 24-ին, ժամը 12։30-ին», -ասել է Սարգսյանը։

Խաչատրյանը երեկվանից գտնվում է Իջևանի հիվանդանոցում։

Մեր թղթակցի հետ զրույցում Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասել էր, որ պաշտպանյալի վիճակը երեկ վատացել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից Իջևանի ձերբակալվածների պահպանման վայր տեղափոխելու ճանապարհին։ Նրան միանգամից տեղափոխել են հիվանդանոց։ Նշենք, որ Խաչատրյանը հացադուլ էր սկսել մայիսի 8-ին և այն դադարեցրել էր մայիսի 22-ին՝ քանդելով բերանի կարերը։ Մեղադրող դատախազը 18 տարվա ազատազրկում է պահանջել։