Home / Հայաստան / «Երեխան արդեն ծնվում էր, իսկ բժիշկ չկար»․ ծննդաբերող կինը մահացել է սկեսուրի աչքի առաջ. News.am

«Երեխան արդեն ծնվում էր, իսկ բժիշկ չկար»․ ծննդաբերող կինը մահացել է սկեսուրի աչքի առաջ. News.am

Մայիսի 28-ին Գյումրիում ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի սկեսուրը՝ Էվելինա Մինասյանը, պնդում է, որ հարսը մահացել է բժիշկների անուշադրության հետևանքով։ Այս մասին նա ասել է News.am-ի հետ զրույցում։

«Ինքը վատացել էր, գոռում էինք՝ «բժիշկ-բժիշկ», բժիշկ չկա, եսիմ՝ որտեղից վազելով եկավ, ինչ-որ օգնություն ցույց տվողը քույրն էր, նա էլ ոչինչ անել չկարողացավ, հետո մինչև եկավ, ուշ էր, ինքն արդեն մահացել էր, բժիշկն իրա մեռնելու պահին կողքը չի եղել»,- ասել Էվելինա Մինասյանը:

Սկեսրոջ խոսքով՝ մինչև ծնարան տանելը հարսին հետազոտել են ու ասել, որ պտղի սրտի աշխատանքը նորմալ չէ, միացրել են շնչառական ապարատ, այնուհետև տարել ծնարան, որտեղ վիճակն ավելի է վատացել:

«Նա էնքան էր վատացել, որ աչքիս առաջ աթոռին պառկած թփրտաց երեք անգամ ու էլ չկար, էդ ամբողջ ընթացքում բժիշկը կողքը չի եղել: Երեխու գլուխը երևաց ու հետ գնաց։ Ես արդեն աղջկաս հեռախոսով ասում էի, որ երեխեն ծնվում ա»,- պատմել է տիկին Էվելինան։

Նրա խոսքով՝ իրենք առաջարկել են, որ կեսարյան հատում անեն, սակայն հիվանդանոցում ասել են՝ «Կարինեն ցավեր ունի, ինքնուրույն կունենա»։

Կարինե Պապանյանի մայրը՝ Ռիմա Բարսեղյանն էլ ասել է, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն արդեն տրված են, ու կայքի թղթակցին ցույց է տվել եզրակացութունը, որտեղ գրված էր, որ մահվան պատճառ եղել է սրտային անբավարարվածությունը:

«Եթե Կարինեն ուներ սրտի անբավարարություն, թող ընդհատեին հղիությունը, մի՞թե իրենք՝ բշիկները, չգիտեին, չէին տեսնում, որ սրտի անբավարություն ունի, ինչո՞ւ չարեցին ինչ-որ բան, որ փրկեին գոնե մեկի կյանքը. իրանք կերան երկու հոգու կյանք»,- արտասվելով պատմել է Ռիմա Բարսեղյանը, որը ծննդաբերությունից անմիջապես առաջ հեռախոսով խոսել էր դստեր հետ:

Մանրամասները՝ News.am-ում