Home / Տեսանյութեր / Վոլոդյա Ավետիսյանի որդին հոսպիտալում է, նրան առողջական խնդիրներով էին զորակոչել․ Սարուխանյան

Վոլոդյա Ավետիսյանի որդին հոսպիտալում է, նրան առողջական խնդիրներով էին զորակոչել․ Սարուխանյան

Պահեստազորի գնդապետ, շուրջ 9 ամիս անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Ավետիս Ավետիսյանը, ով բանակ էր զորակոչվել առողջական խնդիրներով, արդեն մեկ շաբաթ է՝ Մուրացանի զինվորական հոսպիտալում է։

Epress.am-ի հետ զրույցում «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը պատմել է, որ երիտասարդի վիճակը կտրուկ վատացել է ծառայության ընթացքում։

Նշենք, որ Ավետիսյանը բանակ է զորակոչվել 2013 թվականի դեկտեմբեր ամսին և ծառայել է Վանաձորի զորամասերից մեկում։

Սարուխանյանը հիշեցրել է, որ տղան ի ծնե սրտի արատ ու վահանագեղձի խնդիրներ է ունեցել, ինչը անտեսվել է բժշկական հանձնաժողովի կողմից, իսկ ծառայության ընթացքում ստամոքսում խոցեր են առաջացել։

«Տղայի սրտի աշխատանքը կտրուկ վատանում է զինվորական համազգեստի ծանրությունից, գեղձը մեծացած է, ստամոքսում ցավեր կան, նրան ռեժիմով սնունդ է պետք ու հսկողություն, ինչը բանակում ապահովելը անհնար է։ Անգամ զինվորական բժիշկները, ովքեր խորապես ծանոթ չէին տղայի դեպքին, զարմացած հարցնում էին, թե «ո՞ր մի հիմարն է նման հիվանդություններով նրան ուղարկել բանակ»։ Հայաստանյան վայ-ռեժիմը կորցրել է սրբությունը, սրանք ոչնչի առաջ չեն կանգնի իրենց դեմ գնացողներին չեզոքացնելու համար։ Իրենց մուռը հանում են ընտանիքից, երեխեքից։ Կիրառում են բոլոր հնարքները՝ հոգեբանական տարբեր ճնշումների ենթարկելու հարցում՝ գիշերվա ժամը 4-5-ին լույսեր էին գցում Վոլոդյայի տան պատուհաններին, նրան պատկանող «Երազ» ավտոմեքենայի վրա գերեզմանոցի ծաղկեպսակ էին դրել»,-նշել է մեր զրուցակիցը։

Վերջինիս խոսքով՝ թեև Ավետիսյանի որդին դժգոհություններ չունի հրամանատարական կազմից, բայց այն փաստը, որ նրան մի շարք առողջական խնդիրներով բանակ են զորակոչել, վկայում է այն մասին, որ որդու միջոցով շարունակում են ճնշում գործադրել հոր վրա։

«Պետք է հիմա հանձնաժողով կազմեն ու հաշվի առնելով հիվանդությունները տղային ազատեն ծառայությունից», -եզրափակել է Սարուխանյանը։