Home / Հայաստան / Ղարաբաղում չեն վստահում Երևանի դրածոներին․ կարծիքներ

Ղարաբաղում չեն վստահում Երևանի դրածոներին․ կարծիքներ

Վաղուց ժամանակն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը հստակ հայտարարի, որ չի վստահում Սերժ Սարգսյանին: «Ազատություն» ռադիոկայանի Ստեփանակերտի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ղարաբաղյան շարժման ակտիվիստ Մարգարիտա Քարամյանը։

Ակտիվիստի կարծիքը կտրականապես տարբերվում է Աստանայում մայիսի 29-ին Ղազախստանի նախագահի կողմից հնչեցված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակի վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի կարծիքից։

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն այս առիթով ասել է․ «Եթե անգամ Հայաստանը միանա Եվրասիական տնտեսական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ապա դրանում որևէ վտանգ չկա։ Չէ՞ որ Արցախն այլ պետություն է»։

Մարգարիտա Քարամյանը պնդում է, որ Ղարաբաղի ներկայիս իշխանությունները չեն կարող անվստահություն հայտնել Հայաստանի նախագահին, քանի որ «նրանք Սերժ Սարգսյանի դրածոներն են»․ «Արդեն բացեիբաց դրված է հարցը՝ վաճառում են Ղարաբաղը, թե չեն վաճառում։ Այսքանից հետո մենք արդեն չենք կարող վստահել Հայաստանի իշխանություններին։ Միշտ էլ այդ հարցը այստեղ բարձրացվում էր, որ առանց ղարաբաղի ներկայության չի կարող կարգավորվել հակամարտությունը։ Բայց հիմա հակամարտության հարցը չէ, հարցը դրված է, որ Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղից։ Եթե Հայաստանի նախագահը լռում է, ոչինչ չի ասում, ուրեմն նա հրաժարվում է Ղարաբաղից»։

«Ոչ մի տարբերություն չեմ տեսնում պաշտոնական Երևանի և պաշտոնական Ստեփանակերտի միջև։ Շատ մեծ մտավախություն ունեմ, որ եթե վաղը Բակո Սահակյանին կանչեն, ինքը նույն պահվածքը կդրսևորի»,- հավելել է Քարամյանը։

Քարվաճառում բնակվող քաղաքացիական ակտիվիստ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ վերջին շրջանում Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումների դեմը կարող է առնել միայն Ղարաբաղի հանրությունն՝ արտահայտելով իր սկզբունքային դիրքորոշումը հարցի վերաբերյալ։

«Սկզբունքային դիրքորոշումը, ըստ իս, շատ պարզ է. Բացառել որևէ տարածքային զիջում, բացառել որևէ, այսպես կոչված, խաղարար զորքերի մուտք, և միաժամանակ իրենց մերձճակատային կյանքով աջակցել Հայաստանի կենտրոնական հատվածներին, հետզհետե թոթափել հանցագործ խեղկատակ Սերժ Սարգսյանի իշխանությունը և կառուցել ավելի նորմալ ազգային պետություն»,- ասել է Քանանյանը։

«Ես չեմ ուզում գերագնահատել Աստանայում Նազարբաևի ասածների կարևորությունը Արցախի ճակատագրի համար, բայց տվյալ դեպքում Երևանին կցորդ Արցախի մարզային իշխանությունների կարծիքները, ըստ էության, երբեք չեն կարող տարբերվել Երևանի պաշտոնական կարծիքից, եթե նախապես տարակարծությունը Երևանից արտոնված չէ»,- եզրափակել է քաղաքացիական ակտիվիստը։