Գլխավոր / Հայաստան / ԽՍՀՄ անցյալը Հայաստանի պատմության մաս է․ նախարարն արդարացնում է Միկոյանի արձանը

ԽՍՀՄ անցյալը Հայաստանի պատմության մաս է․ նախարարն արդարացնում է Միկոյանի արձանը

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի կարծիքով՝ ԽՍՀՄ փոխվարչապետ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցն առաջնային կարևորություն չունի: Այս մասին Սարգսյանն ասել է այսօր ԱԺ-ում: Նա նկատել է՝ քանի որ արձանը, ըստ էության, Միկոյանի գերեզմանի հուշարձանի կրկնօրինակն է, ապա լավ կլինի, որ այն կանգնեցվի ոչ թե բուլվարի կենտրոնում, այլ՝ շենքի պատի մոտ:

«Մնացածը Երևանի ավագանու որոշելիքն է»,- ասել է Նարեկ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Միկոյանին տրվող պատմական գնահատականին, ապա Նարեկ Սարգսյանի խոսքով, խորհրդային անցյալը ևս Հայաստանի պատմության մաս է կազմում։ Նախարարը խորհուրդ է տվել Միկոյանին միայն բացասական երանգով չընկալել. «Մարդը մենակ նեգատիվ չէր, մարդ, ով իր կենսագրության մեջ ունեցել է երկու կողմերը՝ և՛ նա, և՛ նա: Հիմա ո՞վ կտա դրա գնահատականը՝ դժվարանում եմ ասել»:

Սարգսյանը նշել է, որ ծանոթ է մամուլում տեղ գտած կարծիքներին և քննադատությանը, բայց, նրա խոսքով, «բազմաթիվ լուրջ մարդիկ պաշտպանում են այս նախաձեռնությունը»։