Գլխավոր / Տեսանյութեր / Միկոյանի արձանով հերոսականացնում ենք շուստրիությունը․ Կարոյան

Միկոյանի արձանով հերոսականացնում ենք շուստրիությունը․ Կարոյան

Հայաստանն ավելի ու ավելի է կորցնում ինքնուրույն ապրելու ռեսուրսները, և արդյունքում հայաստանցիներն ավելի ու ավելի են սկսում ապրել ուրիշի բարերարության հաշվին։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած, Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման Երևանի քաղաքապետարանի որոշմանը նվիրված քննարկման ընթացքում հայտարարել է արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը։

«Մենք սկսում ենք վաճառել սիմվոլիկ գործողություններ կատարելու մեր ինքնիշխան իրավունքը։ Կորցնում ենք մեր հասարակության, շրջապատի լավագույն մղումները, ձգտումները սիմվոլացնելու իրավունքը։ Այս իրավունքը սկսում ենք վաճառել ուրիշներին, որպեսզի կարողանանք մեր «իշխանությունը» պահպանել», — հայտարարել է Կարոյանը։

Հիշելով Միկոյանին վերաբերող խորհրդային ժամանակաշրջանի անեկդոտները՝ Կարոյանն ընդգծել է, որ նրա նկարագիրը եղել է հնարամտությունը, շուստրիությունը, ԽՍՀՄ գրեթե բոլոր ղեկավարների օրոք պաշտոնավարելու կարողությունը։

«Եվ ուրեմն՝ մտապահման քաղաքականության մեջ ի՞նչ ուղերձ է փոխանցում մեզ Միկոյանի արձանը դնելը։ Այսինքն, ի՞նչն է հերոսականացվում։ Այդ կենսունակությո՞ւնը, այդ շուստրիությո՞ւնը։ Է, գիտենք, որ շուստրիությունն այսօրվա մեր փողոցների հերոսն է։ Ինչո՞ւ մեր իշխանությունները չեն փորձում հերոսականացնել բաներ, որ պակասում են մեր հասարակությանը։ Այս անընդունելի ուղերձն եմ տեսնում Միկոյանի արձանի տեղադրման մեջ, որ ոչ թե փորձ է արվում բարձրացնել մեզ այս ցեխափոսից, այլ հակառակը՝ ավելի շատ են մտցնում այդ ցեխակույտի մեջ», — ասել է Կարոյանը։