Home / Հայաստան / Իրենց տաղանդները հողում թաղած հայերը Վրաստանի համար օրինակ չեն

Իրենց տաղանդները հողում թաղած հայերը Վրաստանի համար օրինակ չեն

Եթե պատկերացնենք, որ Վրաստանը, այնուամենայնիվ, վերցրեց ու մտավ Եվրասիական միություն, ապա միայն տնտեսական գործոններով գործը չի սահմանափակվի։ Այս մասին Georgia Online կայքում գրում է թբիլիսցի լրագրող Թենգիզ Աբլոտիան։ 

Հոդվածը՝ թարգմանաբար․

– Եվրասիական տնտեսական միության անդամ է Ղազախստանը, որը ոչ ռուսամետ է, ոչ էլ որևէ այլ ինչ-որ բանամետ։ Հսկայական բնական հարստությունների վրա բազմած Աստանան կարող է իրեն թույլ տալ միանալ ցանկացած քաղաքական կամ տնտեսական միության՝ առանց իր ինքնիշխանությանը վնասելու։ Ղազախստանն ասես գեղեցիկ հարսնացու լինի, ում հավանությանն են ձգտում բոլորը, ու ոչ ոք չի համարձակվում կոպտել նրան, անգամ՝ Պուտինը․․․

․․․Մի փոքր բարդ է Բելառուսի հարցը, որի տնտեսական ներուժը չի կարելի համեմատել Ղազախստանի հետ, առավել ևս՝ Ռուսաստանի։ Երկիրը, սակայն, Ալեքսանդր Լուկաշենկոյի անհավանական խորամանկության ու հնարամտության շնորհիվ կարողանում է հավասարը հավասարի պես խոսել Մոսկվայի հետ։ 

Մնացած բոլորը, որոնք կամ ցանկանում են մտնել ԵՏՄ, կամ գտնվում են Ռուսաստանի ճնշման տակ, որը փորձում է նրանց քարշ տալ այնտեղ, պետք է հստակ հասկանան, որ մեզ բոլորիս այնտեղ սպասում են կրտսեր եղբոր կարգավիճակով։ 

․․․Փաստին, թե Ռուսաստանի կառավարման համակարգը, այնուամենայնիվ, այնքան էլ վնասակար ու կործանարար չէ, դրա մեծ թվով կողմնակիցներ որպես օրինակ բերում են Հայաստանը, թե՝ «տեսեք, նրանք մտնում են ԵՏՄ, նրանց մոտ ռուսաստանյան համակարգ է, կա կոռուպցիա, բայց, արդյունքում, մեզնից վատ չեն ապրում»։ 

Կարծես՝ ճիշտ է հնչում, եթե հաշվի չառնենք մի հանգամանք․ խոսքը հայերի մասին է, ում գործնական ու կազմակերպչական տաղանդները հայտնի են ամբողջ աշխարհին և ունեն բազմադարյա պատմություն։ 

Հայաստանը միշտ էլ աշխարհին ինտեգրված երկիր է եղել, անգամ խորհրդային ժամանակներում հայերը մեկնում էին արտասահման, նրանք ունեն ազդեցիկ և հարուստ սփյուռք, ունեն հիանալի գործարար հմտություններ։ 

Վրաստանն, ընդհակառակը, երկար դարեր ապրել է ամբողջ աշխարհից լիակատար մեկուսացման մեջ՝ եփվելով սեփական հյութի մեջ ու կարծելով, թե աշխարհն ավարտվում է Մոսկվայով և Սանկտ Պետերբուրգով։ Վրաստանն սկսել է աշխարհը բացահայտել 15 տարի առաջ, մինչդեռ Հայաստանը դրա անբաժանելի մասն է կազմել դարեր շարունակ։ 

Վրացիներն այսօր սովորում են այն, ինչ հայերի արյան մեջ է՝ գործեր վարել, իմանալ փողի արժեքը, գնահատել բիզնես համաձայնության ժամանակ տված խոսքը, և այլն։ Հայաստանի համար ասել, որ կենսամակարդակը «Վրաստանից վատ չէ», արդեն հսկայական ձախողում է։ Վստահ եմ՝ եթե Հայաստանում կառավարման համակարգը գոնե նման լիներ ներկայիս Վրաստանի համակարգին, այնտեղ այսօր Հոնկոնգ կլիներ։ Բայց նման բան չկա։ Տաղանդավոր, աշխատասեր ժողովուրդն իր կարողությունները թաղում է հողում միայն այն պատճառով, որ կառավարման համակարգը լավը չէ։ 

Թե ինչի են ընդունակ վրացիները կոռումպացված, հանցավոր, բյուրոկրատական համակարգի պայմաններում, մենք արդեն երկար տարիներ տեսել ենք, երբ Թբիլիսիից Երևան գալով՝ զարմանում էինք, որ այնտեղ նորմալ ճանապարհներ են, իսկ փողոցները մաքրվում են․․․

Այս ամենը բացարձակ իրականություն է։ Այս ամենը, ինչպես նաև Եկեղեցու, ավանդապաշտների գերակայությունը, երկար մազերով տղաներին, փիրսինգով աղջիկներին ծեծելն ու շատ ավելին մենք կստանանք Եվրասիական միությանը միանալուց հետո 1-2 տարիների ընթացքում։ 

Միևնույն ժամանակ, հատուկ տնտեսական որևէ շահ չի լինի․ պատրանքներն այն մասին, թե գյուղմթերքի, գինու և հանքային ջրերի արտահանումը կլուծի տնտեսական բոլոր խնդիրները, արդեն վաղուց անհետացել են։ Արդեն պարզ է դարձել, որ Ռուսաստանը ԽՍՀՄ չէ․ երկիրն ավելի փոքր է, իսկ մրցակցությունը՝ ավելի ուժեղ։ 

Այնպես որ, մայիսի 29-ը պետք է մեր կողքով աննկատ անցնի․ մեզ ի՞նչ, թե Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն ինչ են ստորագրել։

Դա մեր ի՞նչ գործն է։