Home / Հայաստան / Կնոջ վրա կրակած ամուսնուն տուգանեցին 60 000 դրամով

Կնոջ վրա կրակած ամուսնուն տուգանեցին 60 000 դրամով

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է 60 000 դրամով տուգանել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ Լաչինյանին` իր նախկին կնոջ վրա կրակելու, նրան ծեծելու համար, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը։

Դատարանում Լաչինյանը պատմել է, թե ամուսնության ընթացքում իրենց միջև հաճախակի տարաձայնություններ են եղել, կինը երեխաների նկատմամբ անուշադիր և անտարբեր է եղել, որի պատճառով իրենց հարաբերություններն էլ ավելի են լարվել:

Դատաքննությամբ պարզվել է, որ 12 տարվա ոչ այնքան հաշտ ու համերաշխ համատեղ կյանքից հետո 1 տարի առաջ ամուսնալուծված նախկին ամուսինները պատահաբար հանդիպել են փողոցում:

Ամուսինը կնոջը հրավիրել է նստելու իր ավտոմեքենան` կրտսեր որդու մասին զրուցելու պատրվակով: Կինը մերժել է: Դրանից զայրացած ամուսինն իր օդաճնշիչ ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել նախկին կնոջ դեմքի և գլխի ուղղությամբ, հետո` ատրճանակը ձեռքին, ձեռքով և ոտքերով հարվածել նրա դեմքին, գլխին, մարմնի տարբեր հատվածներին` առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Ընտանեկան հարաբերությունների պարզումն ավարտվել էր քրեական գործով, հետո՝ դատարանով ու ի վերջո` տուգանքով: