Home / Տեսանյութեր / Ինչու դատապարտյալներին վաղաժամկետ ազատ չեն արձակում, պարզաբանել է ՔԿՎ-ն

Ինչու դատապարտյալներին վաղաժամկետ ազատ չեն արձակում, պարզաբանել է ՔԿՎ-ն

«Արթիկ» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ հայտարարած դատապարտյալներ Արթուր Բաղդասարյանը, Կարեն Փայտյանը և Արմեն Կիրակոսյանն առանձնացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ: Այս մասին Epress․am-ին հայտնել են Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

Դատապարտյալների պահանջն այն է, որ «Արթիկ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը նպատակահարմար չի գտել նրանց վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել՝ պատժից վաղաժամկետ պայմանական ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին:

Ըստ «Արթիկ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի եզրակացության՝ դատապարտյալների մերժման համար հիմք են հանդիսացել ռիսկայնության աստիճանը, գնահատման արդյունքները եղել են միջին, ուղղման գործընթացը դրական ընթացք չի ունեցել:

«Հաշվի է առնվել նաև կատարված արարքի վտանգավորության աստիճանը, պատժի կրման ընթացքում դրսևորված վարքագիծը և ագրեսիվության միջին ցուցանիշը, իսկ դատապարտյալներ Արթուր Բաղդասարյանի և Կարեն Փայտյանի դեպքում՝ նաև նախկինում ունեցած տույժերը», – ասված է ՔԿՎ-ի պարզաբանման մեջ:

Երեք դատապարտյալներն էլ հիմնարկի վարչական հանձնաժողովի պատասխանը բողոքարկել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում և հունիսի 5-ի դրությամբ դատապարտյալ Արմեն Կիրակոսյանի բողոքը մերժվել է. ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի որոշումը համարել է հիմնավոր։

ՔԿՎ-ից հերքել են, թե Արթուր Բաղդասարյանի, Կարեն Փայտյանի և Արմեն Կիրակոսյանի հացադուլին այլ դատապարտյալներ են միացել։