Home / Տեսանյութեր / Մահացած երեխայի հայրը՝ բժիշկներին․ «Մի բան արած լինեիք, դատարան չէի գա»

Մահացած երեխայի հայրը՝ բժիշկներին․ «Մի բան արած լինեիք, դատարան չէի գա»

2-ամյա Լիա Միսակյանի մահվան գործով մեղադրյալներ, Արաբկիր բժշկական կենտրոնի բժշկուհիներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի կարծիքով՝ իրենց մեղադրում են միայն այն հիմնավորմամբ, որ երիտասարդ բժիշկներ են: «Բայց որ երիտասարդ լրագրողները մեր մասին գրում են, նրանց գրածները կասկածի տակ չի դրվում»,- այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասել է Զարինե Այվազյանը։

Հիշեցնենք, որ, համաձայն գործի նյութերի, Լիա Մինասյանին ծնողները տարել են Արաբկիր բժշկական կենտրոն դեկտեմբերի 31-ին՝ 20.00-ի սահմաններում, սակայն երեխան հունվարի 2-ին մահացել է, ըստ փորձագետի՝ թոքաբորբից:

Այսօրվա դատական նիստում շարունակվել է փորձագետ Գագիկ Հարությունյանի հարցաքննությունը: Զարինե Այվազյանի շահերը ներկայացնող Երեմ Սարգսյանը հարցերով փորձել է հաստատել, որ եզրակացությունը սխալ է, և իր պաշպանյալները ճիշտ են ախտորոշել. երեխայի մոտ թոքաբորբի ախտանիշներ չեն եղել: Երեմ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ երեխան ունեցել է 30-32 հաճախաշնչություն, մինչդեռ որպես թոքաբորբի ախտանիշ պետք է լինի ավելի քան 40-ը: Փորձագետն ասել է, որ միայն շնչառությունը չէ, որ խոսում է թոքաբորբի առկայության մասին:

«Երեխան սնունդից հրաժարվել է, երեք օր ջերմությունը չի իջել: Ունեցել է տնքացող շնչառություն, ցիանոզ՝ շուրթերի կապտություն, փսխում»,- ասել է փորձագետը:

Երեմ Սարգսյանը նախ ակնարկել է, որ փորձագետը վստահելի չէ։ Նա հիշեցրել է, որ Հարությունյանի տված, այլ՝ Մարիամ Արշակյանի մահվան գործով փորձաքննությունը հետագայում հերքվել է: Փաստաբանը նաև ասել է, որ փորձագետը չի կատարել մանրէաբանական հետաքննություն, ուստի չի կարելի վստահաբար պնդել, որ երեխայի կոկորդից վերցված հեղուկը թարախ է եղել: Քանի որ Երեմ Սարգսյանի հարցերը շատ էին, նախագահող դատավոր Ավետիսյանը հորդորել է պատասխանել միայն եզրակացության հետ անմիջական կապ ունեցող հարցերին:

Հարցաքննությանը միջամտել է երեխայի հայրը՝ Գեորգի Միսակյանը։ «Նենց եք պահում, կարծես իմ երեխան կողքիս նստած է, և ես եկել եմ, կապիկություն եմ անում: Երկու օրում երեխան գնաց, մի բան արած լինեիք, ես դատարան չէի գա», – դիմելով բժիշկներին՝ ասել է Միսակյանը:

Դատական նիստի ընդմիջմանը Epress.am-ի հետ զրուցելով՝ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն ասել է, որ երեխային ընդունելու պահին նա թոքաբորբ չի ունեցել, այլ ախտորոշվել է սուր շնչառական վարակ, և ըստ այդմ էլ բուժումը կատարվել է: Փաստաբանը կարծիք է հայտնել, որ հետագայում երեխայի մոտ կայծակնային թոքաբորբ է սկսվել: