Home / Տեսանյութեր / Գորիսի ընտրություններ․ ինչպես էր փոխվում ճնշումների ժամանակացույցը

Գորիսի ընտրություններ․ ինչպես էր փոխվում ճնշումների ժամանակացույցը

Հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրությունների մոտենալու հետ մեկտեղ շատանում են ճնշումները քաղաքի բնակիչների վրա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է գորիսեցիներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:

Վերջինիսի խոսքով՝ կաշառքի բաժանման և ճնշումների ժամանակագրական փոփոխությունը կապ ունի գրանցված չորս թեկնածուներից երկուսի ինքնաբացարկ հայտնելու օրվա հետ:

Մինչ ինքնաբացարկը՝ ընտրություններում ֆավորիտ էր համարվում Տիգրան Կարապետյանը, ով ընկալվում էր որպես «այլընտրանք»՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից սատարվող Վաչագան Ադունցին:

«Այն բանից հետո, երբ Տիգրան Կարապետյանն ինքնաբացարկ է հայտնել, Գորիսում ճնշումները պակասեցին: Նախ իշխանական թեկնածուի իրական մրցակիցը խաղից դուրս եկավ: Երկրորդ՝ մարդկանց մոտ էլ հիասթափություն առաջացավ ընտրական պրոցեսի հանդեպ առհասարակ: Նույնիսկ քննարկվում էր ընտրությունները բոյկոտելու հարցը: Ուստի վարչական ռեսուրս գործադրելու կարիք չկար: Սակայն թեկնածու Հրայր Յոլյանի շանսերը վերջին ժամանակաշրջանում մեծացան, քանի որ նա հրապարակավ մի քանի անգամ հայտարարեց, որ կապ չունի Սուրիկ Խաչատրյանի հետ», – ասել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ քանի որ Յոլյանը ևս սկսեց որպես Խաչատրյանի հովանավորյալին այլընտրանք ընկալվել, ճնշումները կրկին ավելացան։

«Ճնշումները շատացել են այս շաբաթ՝ վերջին օրերին, քանի որ այսօր քարոզարշավի վերջին օրն է», – ասել է մեր զրուցակիցը:

Նա նշել է, որ մարդկանց «զրույցների» են հրավիրել պետական հիմնարկներում, դպրոցներում, մանկապարտեզներում՝ հորդորելով չընտրել Յոլյանին, փոխարենը ձայնը տալ ՀՀԿ-ական Վաչագան Ադունցին։