Home / Տեսանյութեր / «Դեմ եմ»-ը երթ կանի աշխատողներին ճնշող գործատուների դեմ

«Դեմ եմ»-ը երթ կանի աշխատողներին ճնշող գործատուների դեմ

Հունիսի 11-ին՝ 19.00-ին Մատենադարանից կմեկնարկի «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության նոր ակցիան, որն ուղված է լինելու գործատուների կողմից աշխատողների նկատմամբ կիրառված ճնշումների դեմ: Այս մասին նախաձեռնության անդամներն այսօր հայտարարել են «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ:

Նշենք, որ այն պահից ի վեր, երբ «Կուտակային կեսնսաթոշակային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ են մտցվել, և այժմ աշխատողը կարող է դիմում գրելով հրաժարվել պարտադիր վճարումներ կատարելուց, բազմաթիվ գործատուներ չեն ընդունում մարդկանց դիմումները։ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների համաձայն, աշխատակիցներից շատերին սպառնում են ազատել աշխատանքից։

«Մենք հասկանում ենք՝ մարդիկ օրվա հաց վաստակելու խնդիր ունեն: Բայց համարձակվեք, խոսեք դրա մասին, [թեկուզ] դեմքը փակած, ձայնը՝ փոխած: Բարձրաձայնեք, քանի որ մարդիկ, ում վրա ճնշում չկա, ովքեր մի փոքր ավելի անկախ են, կսատարեն ձեզ: Որպեսզի հաջորդ անգամ ֆեոդալ գործատուն աշխատողին չընկալի որպես վասալ»,- ասել է նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Սրբուհի Ղազարյանը, ասել է, որ ստացել են բազմաթիվ նամակներ, օրինակ, Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից, Հերացու անվան բժշկական համալսարանից, «Գրանդ տոբակո» ընկերությունից, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից այն մասին, որ հաշվապահությունում չեն ընդունում կուտակային պարտադիր բաղադրիչից հրաժարվելու դիմումները:

«Ասել են՝ ռեկտորն ասել է՝ ով դիմում բերի, կասեք աշխատանքից ազատման դիմում էլ բերի»,- ասել է Սրբուհի Ղազարյանը:

Նա նշել է տասնյակ դպրոցներ, որտեղ դիմումները ևս չեն ընդունվում:

Դավիթ Մանուկյանն ասել է նաև, որ իրենք նախաձեռնել են նոր օրենսդրական փաթեթ, որը 180 աստիճանով տարբերվում է այսօր գործող միջանկյալ օրենքից:

«Կուտակայինը պետք է լինի կամավոր»,- եզրափակել է Մանուկյանը: