Գլխավոր / Տեսանյութեր / «Գրիժա չէր, ուռուցք էր»․ 3 պատմություն Հայաստանի բժշկության մասին

«Գրիժա չէր, ուռուցք էր»․ 3 պատմություն Հայաստանի բժշկության մասին

Հայաստանում կրթության և գիտության ոլորտի զարգացման դինամիկան կարելի է տեսնել ` բախվելով բժշկության բնագավառի հետ։ Այստեղ կշռաքարերին է դրված մարդու կյանքը։ Վերջին շրջանում մամուլում էլ ավելի հաճախակի են հրապարակվում տեղեկություններ բժշկական սխալների մասին, որոնց հետևանքով մահանում են նորածին երեխաներ և մայրեր, մարդիկ սխալ ախտորոշման պատճառով բնակարաններ են վաճառում, ինչպես հետագայում պարզվում է՝ սխալ բուժում ստանալու նպատակով։

Epress.am-ը ներկայացնում է երեք դեպք, որոնց մասին մեզ պատմել են մարդիկ, ում հարազատները տառապել են օնկոլոգիական հիվանդություններով։

Արամ, 35 տարեկան

Մայրս կրծքի վիրահատություն էր տարել, որից հետո քիմիոթերապիայի կուրս էր անցել ու նաև հորմոնալ դեղ էր ընդունում։ Որոշ ժամանակ անց նրա մոտ ցավեր սկսեցին մեջքի հատվածում։ Այդ դեղի կողմնակի ազդեցություններից մեկը կարող էր արտահայտվել նաև մեջքի ցավերի տեսքով։ Այնուամեյանիվ, մենք դիմեցինք բժշկի, ու նա որոշեց, որ նյարդն է սեղմվել։ Հետազոտության չուղարկեց, հետո Կարիպազիմ դեղամիջոցը նշանակեց, որը մեջքի գրիժայի դեպքում են նշանակում։ Կարիպազիմը տոկերով է, իսկ մորս հիվանդության դեպքում տոկերը հակացուցված են։ Ամեն դեպքում, այդ բժիշկը զանգահարեց ուռուցքաբանության կենտրոն ու զրուցեց մորս բուժող բժշկի հետ։ Վերջինիս մտքով էլ չի անցնում ուղարկել հետազոտության, ու նա, այսպես ասած, Կարիպազիմի «դաբրոն» տալիս ա։

Այդ ընթացքում ցավերը ուժեղանում են, նորից գնում ենք բժշկի մոտ, ասում է՝ «Կարիպազինը մի դադարեցրեք», նաև խորհուրդ է տալիս մերսում անել։ Հետագայում արդեն պարզվեց, որ ողնաշարի ողերից մեկը կոտրվել է, ու այդ ամբողջ ընթացքում մեջքի հատվածում մետաստազներ են եղել։

Մեզ առաջարկեցին ռենտգեն անել, արեցինք, վերցրեցի, գնացի բուժող բժշկի մոտ։ Միայն հետո իմացա, որ ռենտգենը ոչինչ էլ ցույց չէր տա։ Իսկ բուժող բժիշկը, նայելով ռենտգենին, հայտարարեց, որ օնկոլոգիական խնդիր չկա, ուղղակի մեջքի ցավ է։ Ցավերը ուժեղանում էին, ես նորից եմ գնում բժշկի մոտ, ասում եմ, գուցե, MRT (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) պետք է անել։ Ասում է՝ ոչ, ու հաջորդ արտահայտությունը լավ եմ հիշում․ «Рентгеновский снимок – это достаточно» (Ռենտգենը բավարար է [տեսնելու համար])։

Հետո արդեն մեկ այլ բժիշկ հրավիրեցինք, նա ապշեց, որ ռենտգենի հիման վրա են ախտորոշել ու նման հիվանդության դեպքում MRT-ի չեն ուղարկել։ Այդ ժամանակ էլ MRT-ն ցույց տվեց, որ մեջքի հատվածում ամբողջությամբ մետաստազներ են ու կոտրվածք։ Մայրս մահացավ։

Ու ինչ եմ ուզում ասել՝ այսօր էլ օնկոլոգիայում, փաստորեն, մարդ է աշխատում՝ բուժող բժիշկ, ով հիվանդներին ռենտգենի է ուղարկում, որը ոչինչ ցույց չի տալիս, փաստորեն, մարդ է սպանում։

Սոնա, 34 տարեկան

Հայրս ազդրի հատվածում սարսափելի ցավեր ուներ։ Ոտքի ցավը, երևի, չպետք է այդքան լուրջ մտահոգություն առաջացներ, բայց ոչ մեր ընտանիքում․ հայրս սարկոմայի ծանր վիրահատություն էր տարել, և անգամ ատամի ցավը մեզ վախեցնում էր։

Գնացինք «յամերի» հետազոտության։

Բժիշկը շտապեց եզրակացնել, որ ընդամենը ողնաշարի ճողվածք է՝ ԳՐԻԺԱ, և անհանգստանալու կարիք չկա։

Պնդեցինք, որ հետազոտի։ Մինչ հայրս «յամերի» էր, երիտասարդ ու «հեռանկարային» բժիշկն իմ ու մայրիկիս համար «լիկբեզ» էր անցկացնում։ Տեսություն լավ գիտեր։ Ինտերնետում էլ նկարներ գտավ, ցույց տվեց՝ որտեղից և ուր է հոսում արյունը, ինչ անոթներով․․․

— Հաճախ, երբ հիվանդը ոտքերում ցավ է զգում, նրա մտքով չի անցնում՝ որ դա կարող է մեջքից լինել․․․ Ողնաշարի ճողվածք կարող է առաջանալ ողնաշարի գրեթե յուրաքանչյուր հատվածում, գոտկատեղի հատվածում 90 տոկոս դեպքերում ճողվածքն առաջանում է 4-րդ և 5-րդ ողերի արանքում․․․ և այլն․․․

Բժիշկ էր, գրեթե հավատացինք։ Անգամ ոգևորվեցինք։ Երևի՝ իրոք մտահոգվելու առիթ չկար․․․ Հաջորդ օրը գնացինք պատասխանի հետևից։

— Շնորհավորում եմ ձեզ, ոչ մի լուրջ խնդիր չկա։ «Յամերի» հետազոտությունը ցույց տվեց՝ ընդամենը ճողվածք է, ինչպես ասում էի։

— Համոզված ե՞ք։

— Սա՝ նկարը, սա՝ ողնաշարը։ Տեսնում ե՞ք՝ այս երկու ողերի արանքում։

— Մտահոգվելու առիթ չկա։ Գրիժա է, սովորական գրիժա, — կողքից ավելացրեց «հեռանկարային» բժշկի գործընկերը։

Միակ լուսավոր կետն այս ամենում հորս ուրախությունն էր՝ ուռուցք չէ։

Բայց կար մեկ այլ խնդիր՝ ինչպե՞ս բուժել, եթե նման վիրահատություն տարած մարդուն չի կարելի ոչ մերսում, ոչ ճառագայտում, ոչ, առավել ևս, վիրահատություն։ Մտածում էինք՝ ինչ անել, ստեղ-ընդեղ էինք տանում, իսկ ցավերն ուժեղանում էին։

2 ամիս անց հայրս մահացավ։ Այդպես էլ չիմացավ, որ գրիժա չէր․․․ Ուռուցք էր։

Վլադիմիր, 29 տարեկան

Հայրս մրսել էր, մի քանի օր ջերմեց, բնական է՝ լուրջ ուշադրություն չդարձրեցինք։ Ջերմությունը, սակայն, չէր իջնում։ Ստուգեցին, թոքաբորբ կասկածեցին, իսկ հետո պոլիկլինիկայի բժիշկը վախեցրեց՝ ասելով, որ օնկոլոգիա է կասկածում։ Երևանի հիվանդանոցներից մեկում՝ երկար-բարակ ստուգումներից հետո, թոքաբանն ասաց․ «Շնորհավորում եմ, ոչ մի խնդիր չկա, թոքի մեջ ջուր է լցվել, թոքաբորբի հետևանք է»։ Ջուրը քաշեցին, ջերմությունն իջավ, մենք հանգստացանք, բայց մեկ շաբաթ անց ամեն ինչ նույնն էր։ Գնացինք նույն թոքաբանի մոտ, գլուխն այս ու այն կողմ թափ տվեց, ջուրը քաշեց, ուղարկեցին ստուգման։ Լաբորատորիայի երիտասարդ բժիշկը գիտունի տեսք ընդունեց ու կրակեց․ «Լավ նորություններ չեն, չարորակ մեզատելիոմա»։

Շոկի մեջ էինք, թոքերի հետ կապված հայրս, թեև ծխում էր, գանգատներ երբեք չէր ունեցել։ Դեպքից 13 տարի առաջ ստամոքսի խոցի վիրահատություն էր տարել, բայց բժիշկները ներկա հիվանդությունը դրա հետ չէին կապում։ Քաղաքի լավագույն թոքաբան վիրաբույժներից մեկի մոտ գնացինք, սկոպով նայեցին թոքը, անալիզներ և այլն, և այլն, ու բժիշկը վստահեցրեց, որ մեզատելիոմա լինել չի կարող։ Բայց թե ինչ էր, ախտորոշող բժիշկներն ասել չէին կարող։ Թոքը յամերով նկարել էինք մի երկու անգամ, արդեն 2000 դոլարի մոտ փող էինք ծախսել էդ ամեն ինչի վրա, բայց ախտորոշում չկար։ Վիրաբույժը որոշեց բացել թոքը, աչքով տեսնել։ Վիրահատարանից դուրս գալուց հետո մոտեցավ ինձ ու ասաց․ «Թոքը մաքուր է, ոչինչ չկա։ Բայց ես հասկացա, որ ինչ-որ գոյացություն որովայնում կա»։

Նորից հարյուր հազարավոր դրամներ ծախսեցինք «յամերների» վրա, բայց մեկ այլ վիրաբույժ պնդեց, որ պետք է բացել ու մի հատված վերցնել անալիզի համար։ Եվս մեկ վիրահատություն (հորս վրա արդեն հալ չկար), ու պարզվեց, որ լիմֆոմա է՝ որովայնում։ Այդ երկրորդ վիրաբույժը պատասխանատվությունն իր վրա վերցրեց, բուժման կուրս անցկացրեցինք, ընթացքում էլ նրան առաջարկում էին վիրահատել ու հետո քիմոթերապիայի կուրսը շարունակել, բայց նա մերժեց։ Չվիրահատեց, ու 1 տարի տառապանքներից հետո հայրս սկսեց իրեն լավ զգալ։ Վերջում արդեն՝ բազմաթիվ հիվանդանոցների ու լաբորատորիաների հետ ծանոթանալուց հետո, ես ոչնչի վրա չէի զարմանում, բացի մի բանից։ Այդ ինչպես եղավ, որ այդպես էլ չգտա ու շան ծեծ չտվեցի այն երիտասարդին, ով վստահ տոնով ինձ ասում էր՝ «մեզատելիոմա», ու բացատրում էր, թե ինչ է դա։