Home / Տեսանյութեր / Ո՞վ է ՍԴ-ից պահանջել չճանաչել Տեր-Պետրոսյանի իրավունքի խախտման փաստը․ հարց ԱԺ-ում

Ո՞վ է ՍԴ-ից պահանջել չճանաչել Տեր-Պետրոսյանի իրավունքի խախտման փաստը․ հարց ԱԺ-ում

Wikileaks.org կայքի հրապարակումներից մեկի համաձայն` 2008 թվականին նախագահական նստավայրից զանգահարել են Սահմանադրական դատարան և ճնշում գործադրել ՍԴ-ի վրա՝ չճանաչել նախագահական ընտրությունների թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի իրավունքի խախտման փաստը: Իշխանությունների կողմից դատարանի գործերին խառնվելու մասին ԱՄՆ դեսպանության պաշտոնյաներին հայտնել էր ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հիշեցրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, երբ Ազգային ժողովը քննարկում էր Սահմանադրական դատարանի նոր անդամի նշանակման հարցը: Հիշեցնենք, որ ՍԴ-ն մերժել է 2008 թվականի նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելու մասին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հայցը։

ԱԺ-ն այսօր քննարկել է Արայիկ Թունյանի (լուսանկարում) թեկնածությունը, ով հավակնում է ՍԴ անդամ դառնալ թոշակի հեռացած Վալերի Պողոսյանի փոխարեն:

«Թույլ տվեք ձեզ ուղիղ հարց տալ` դո՞ւք եք զանգել ՍԴ», – թեկնածուին հարցրել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Արայիկ Թունյանը 2005 թվականից ի վեր աշխատել է նախագահականում։ 2007 թվականից Թունյանը զբաղեցնում է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։

Թունյանն ասել է, որ ինքը նշվածից տեղյակ չէր:

Այդ պատասխանից հետո Փաշինյանը ևս մեկ հարց է տվել` արդյոք Թունյանը հերքում է, որ ինքն է զանգել, թե առհասարակ տեղյակ չէր հրապարակումից, անցկացվել է արդյոք նախագահականում ծառայողական քննություն:

«Եթե նման բան չի եղել, ինչո՞ւ ծառայողական քննություն անցկացնել», – ասել է Թունյանը: