Home / Տեսանյութեր / «Ցանկանում եմ գործունեությունս շարունակել ժողովրդավար Ադրբեջանում»․ Չիբուխչյան

«Ցանկանում եմ գործունեությունս շարունակել ժողովրդավար Ադրբեջանում»․ Չիբուխչյան

Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը, ով այսօր պաշտոնապես հայտարարել է, որ քաղաքական ապաստան է խնդրում Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևից, ոչ մի դեպքում չի պատրաստվում փոխզիջման գնալ հայաստանյան իշխանությունների հետ։ Epress.am-ի հետ զրույցում բանաստեղծը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի նախագահը չի մերժի իր խնդրանքը ու ինքը՝ Չիբուխչյանը, այսպիսով հաշվեհարդար կտեսնի իր արժանապատվությունը բազմիցս վիրավորած երկրի ղեկավարության հետ։

Չիբուխչյանը Ադրբեջանի նախագահին ուղղված բաց նամակում նշել է մի շարք պատճառներ, որոնք ի վերջո բերել են ապաստան խնդրելու գաղափարին։

«Ես ընդգծել եմ՝ մեծարգո նախագահ, ազատ ստեղծագործողի իմ իրավունքով գիրք գրեցի Ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևայի մասին և մեկ շաբաթում ստացա 3000-ից ավել մահվան սպառնալիք, մեքենայով հարվածեցին իմ մեքենային․ ես լավ պրծա, կինս ստացավ վնասվածքներ, անձնագիրս վերցրին, որ տարածքը չլքեմ, 10-15 անգամ էլ փորձեցին ինձ վրաերթի ենթարկել, այդքան անգամ էլ փորձեցին կանաչ լույսի տակ ընկնել իմ մեքենայի տակ։ Երբ Խոջալուի դեպքերի իրականությունը պատմող իմ վեպը գրեցի, Սերժ Սարգսյանը մարզպետին փոխեց, նոր մարզպետ բերեց, ով ինձ ազատեց իմ աշխատանքից։ 13 անգամ գրեցի մեր երկրի նախագահին, ոչ մի անգամ չպատասխանեց։ Ես ամեն պահի մահվան վտանգի մեջ եմ, ուստի ընտանիքիս համար քաղաքական ապաստան եմ խնդրում, որ շարունակեմ իմ գործունեությունը ժողովրդավար Ադրբեջանում։ Ապրում եմ ծառայողական բնակարանում, ստանում 70 դոլար թոշակ ու կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են։ Մեծարգո Իլհամ Հեյդարովիչ, մեծագույն սիրով սպասում եմ ձեր հրավերքին», – ասել է մեր զրուցակիցը։

Վերջինս նշել է, որ լինելով պայքարի մարտիկ, բազմաթիվ կոչումներով ու շքանշաններով պարգևատրված հայրենասեր անհատականություն, իր այս քայլով ապացուցելու է, որ ՀՀ նախագահը կաշառակեր է ու չի գնահատում սեփական ժողովրդի արժանիքները։

«Ինձ խաբել էին, թե ՀՀ նախագահը բնակարան է նվիրել, բայց 9 տարի է՝ բոմժի պես ապրում եմ ծառայողական բնակարանում, խաբեցին, թե մրցանակի են ներկայացրել ինձ, ինչպես նաև տարածք են տալու, որտեղ ստեղծագործելու եմ, նորից սուտ։ Հիմա ես աշխարհի ամենաանճարակ ու ամենախելացի մարդն եմ, ոնց կարող է [Ալիևը] ինձ չընդունել՝ 80-ից ավել հրավեր եմ ստացել տարբեր երկրներից, ինչպես նաև երկու անգամ հրավիրել են որպես Պուտինի խորհրդական աշխատելու», – ասել է Չիբուխչյանը։

Հարցին, ինչու է նա ընտրել հենց Ադրբեջանը, մեր զրուցակիցն ասել է, թե այս քայլով ուղղակի «պատժելու» է ՀՀ իշխանություններին ու նախագահին։

Ավելի վաղ բանաստեղծն իր հերթական գիրքը ձոնել էր ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային։ 173- էջանոց «Էլնարա» ձոնը գրելիս հեղինակը ոգեշնչվել է ադրբեջանական հեռուստատեսությունից, որը հասանելի է Տավուշի մարզում։ Չիբուխչյանին ոգեշնչել է Աբդուլաևայի « A bülbül» կատարումը (խոսքերը՝ Սերվեր Շահբեյլիի, երաժշտությունը՝ Ասիֆ Քերիմովի)։

«Էլնարա» գրքում հեղինակը փիլիսոփայում է կյանքի, տիեզերքի մասին, գովերգում է կնոջ գեղեցկությունը, սերը, հիանում է ադրբեջանցի երգչուհու տաղանդով, իր ափսոսանքն արտահայտում հանդիպելու ու ծանոթանալու անկարողության մասին։

Լուսանկարը՝ Aravot.am-ից