Home / Հայաստան / Նոր օրինագծով նախատեսվում է ՏՏ ոլորտին արտոնություններ տրամադրել

Նոր օրինագծով նախատեսվում է ՏՏ ոլորտին արտոնություններ տրամադրել

Կառավարությունը նախատեսում է ՏՏ ոլորտին մի շարք արտոնություններ տրամադրել, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի, ինչպես նաև եկամտահարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից (անհատ ձեռնարկատերերի համար` եկամտային հարկի 0% դրույքաչափի կիրառում): Այս օրինագիծը ԱԺ-ի պատգամավորների դատին այսօր՝ հունիսի 11-ին, ներկայացրել է Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ այս արտոնություններն էապես կնպաստեն ոլորտում սկսնակ ընկերությունների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ինչևէ, պատգամավորներից ոմանք նախագծի մեջ կոռուպցիոն ռիսկեր են տեսնում:

Մասնավորապես, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն ասել է՝ արտոնություններով մեծացվելու է ստվերային գործունեությունը, որն առանց այն էլ մեծ է ՏՏ ոլորտում: «Եթե հիմա ստվեր է, տեղափոխում ենք օրենքով ոչ հարկման դաշտ»,- ասել է Հակոբյանը: Զեկուցողը, սակայն, պատասխանել է, թե կա մշակված մեխանիզմ՝ նման երևույթներ թույլ չտալու համար:

ՀՀԿ-ականը նաև կասկած է հայտնել առ այն, թե ինչ սկզբունքով է որոշվելու՝ որ ՏՏ ընկերություններին են տրվելու արտոնությունները:

Ի պատասխան՝ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ ստեղծվելու է հանձնաժողով, որը գործելու է անաչառ ու մի շարք չափանիշների համաձայն է որոշելու՝ որ սկսնակ ընկերություններին հավաստագիր տալ։