Home / Հայաստան / ՀՀԿ-ականները ցանկանում են թույլատրել ալկոհոլի գովազդը՝ ի շահ գործարարների. պատգամավոր

ՀՀԿ-ականները ցանկանում են թույլատրել ալկոհոլի գովազդը՝ ի շահ գործարարների. պատգամավոր

Ծխախոտի և ալկոհոլի գովազդները նորից ԶԼՄ-ներում թույլ տալու մասին օրինագիծն ընդամենը լոբբինգ է որոշ գործարար շրջանակների կողմից, որոնց ընդառաջ են գալիս որոշ պատգամավորներ: Այս մասին այսօր ԱԺ-ում  «Գովազդի մասին» ՀՀ օրենքի խմբագրման նախագծի քննարկմանն ասել է ՀԱԿ խմբակցության  քարտուղար Արամ Մանուկյանը (լուսանկարում):

Նա ասել է, որ հարցը քննարկելը միայն ամոթ է, քանի որ ողջ քաղաքակիրթ աշխարհը գնում է ալկոհոլի և ծխախոտի գովազդի  վերացմանը, իսկ մեզ մոտ առաջարկվում է հակառակը:

Մանուկյանի խոսքով` ՀՅԴ, ՀԱԿ և Ժառանգություն խմբակցությունները հանձնաժողովի նիստում օրինագծին դեմ են քվեարկել:

Օրինագծի դեմ  ելույթ է ունեցել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան  Ուրիխանյանը:  Նա ընդունել է, որ ԶԼՄ-ներին անհրաժեշտ է ֆինանսական անկախություն՝ գովազդի միջոցով, սակայն դա չպետք է արվի այս եղանակով, քանի որ օրինագծի հիմքում ոչ թե ԶԼՄ-ների իրավունքներն են, այլ բիզնեսմենների:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Արման Սահակյանի, Սամվել Ֆարմանյանի, Նաիրա Կարապետյանի, Տաճատ Վարդապետյանի, Լևոն Մարտիրոսյանի և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախագիծը առաջարկում է թույլ տալ տեղական արտադրության կոնյակի գովազդը: