Home / Հայաստան / «Հուշարձանների ոչնչացման փաստերը փորձում եք բարդել օրենքի բացի վրա». Փաշինյան

«Հուշարձանների ոչնչացման փաստերը փորձում եք բարդել օրենքի բացի վրա». Փաշինյան

ԱԺ-ում առաջարկում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքը փոփոխել և  խստացնել հուշարձանների տեղափոխման թույլատրելիությունը: Նախագծի հեղինակ, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, նախագիծը ներկայացնելով, ասել է, որ հուշարձանները պետք է տեղափոխվեն բացառապես այն դեպքում, երբ դա չանելը կարող է հանգեցնել հուշարձանի կորուստին: 

Պատգամավորը հիշեցրել է, որ  գործող օրենսդրությունը նախատեսում է տեղափոխման բազում թույլատրելի պատճառներ, օրինակ, երբ հուշարձանը տուժել է կլիմայական պայմաններից,  կամ երբ տեղափոխումը պետական ռազմավարական, արդյունաբերական, և այլ քաղաքաշինական նպատակներից է ելնում:

«Մենք ցանկանում ենք Կառավարության որոշումն օրենք դարձնել, սահմանափակել հուշարձանները տեղափոխելու Կառավարության հնարավորությունը՝ քաղաքաշինական նպատակներով»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը` հավելելով, որ ցանկանում է խստացնել նաև օրենքի շրջանցման համար նախատեսված պատժիչ մեխանիզմը:

Հովհաննիսյանի ելույթից հետո` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ  օրենսդրական նախաձեռնությամբ միայն  փորձ է արվում պատմամշակութային հուշարձանների ոչնչացման բազում փաստերը, մասնավորապես, Փակ շուկայի դեպքը, «բարդել» օրենքի բացի վրա:

«Մշակույթի նախարարությունից ասել են, որ ընդունում են`  տեղի է ունեցել խախտում, դիմել են դատախազութուն, քաղաքապետարան: Մյուսը՝ կա ՔՕ հոդված: Իմ մտավախությունն այն է, որ օրենքը փոխում ենք, որպեսզի հետին թվով ասեք՝ տեսեք օրենքի թերության պատճառով է հուշարձանը քանդվել: Իրականում, օրենքը վատը չի, դուք ինքներդ ասեցիք, որ կա նաև  քրեական հոդված դրա մասին: Ուղղակի կան մարդիկ, որոնք օրենքից վեր են: Եթե գիտեք` ոնց անել, որ օրենքը տարածվի նաև այդ մարկանց վրա, ասեք»,- նշել է  Նիկոլ Փաշինյանը: