Home / Հայաստան / Քննադատել են Տիգրան Սարգսյանին, բայց ընդունել են նրա կատարողականը

Քննադատել են Տիգրան Սարգսյանին, բայց ընդունել են նրա կատարողականը

Կառավարության 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունն ու դրա քվեարկությունը ձևական բնույթ էր կրում, որովհետև Կառավարությունը, որը պետք է իրականացներ բյուջեի կատարողականը, հրաժարական է ներկայացրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը (լուսանկարում):

Նա նկատել է, որ բյուջեի 2013-ի կատարողականի հաշվետվության ժամանակ իշխանության ներկայացուցիչները չեն պաշտպանել նախորդ Կառավարությանը, սակայն ՀՀԿ-ն, միևնույն է, կողմ է քվեարկել կատարողականին:

Անդրադառնալով ոչ իշխանական «քառյակի» պահանջներին ՀՀԿ-ի տված գնահատականին՝ Հակոբյանն ասել է. «Իշխանությունը հայտարարում է, թե մենք ինչ լավ ընդդիմություն ունենք, ինչ կառուցողական ընդդիմություն ունենք: Լավ է անում, որ հայտարարում է, սակայն ես չեմ կարծում, որ իշխանությունը քաղաքական կամք կդրսևորի ընդդիմության պահանջներն իրականացնելու համար»:

ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն, իր հերթին, նշել է, որ իշխանությունները, ասելով, թե քառյակում տարակարծություններ կան, հեծանիվ են հորինում:

«Եթե Շարմազանովին հետաքրքիր է, ես կարող եմ ոչ թե 12, այլ 15 հարցեր նշել, որոնց հաշվով մենք տարակարծիք ենք: Թող չփորձեն Քառյակում տարակարծություններ փնտրել: Փոխարենը, այն հարցերում, որ մենք համակարծիք ենք, բավականին հաջող կերպով համագործակցում ենք»,- ասել է պատգամավորը: