Home / Հայաստան / Կրեմլի քարոզչությունը հանգեցնում է Հայաստանում ներքին ընդվզման․ «Առավոտ»

Կրեմլի քարոզչությունը հանգեցնում է Հայաստանում ներքին ընդվզման․ «Առավոտ»

«Ռուսաստանի փոխվարչապետ, «Ռոդինա» ազգայնական կուսակցության հիմնադիր Դմիտրի Ռոգոզինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ կոչ է արել վերականգնել Խորհրդային Միությունը՝ «հավաքելով քարերը», որոնք «ցրվել են քառորդ դար առաջ, երբ սովետական ժայռն առաջին ճաքը տվեց»: Մի կողմ դնենք՝ ում են այդ մտադրությունները դուր գալիս, ում՝ ոչ: Ավելի լավ է մտածենք՝ արդյոք այդ ծրագիրը իրագործելի է: Այս մասին «Առավոտ» օրաթերթի խմբագրականում գրում է Արամ Աբրահամյանը։

«Ինձ, օրինակ, թվում է, թե որ կողմից էլ նայես, դա կատարյալ ուտոպիա է, որի քննարկման վրա անգամ չարժե ժամանակ ծախսել: Ռուսաստանի ղեկավարությունը իզուր ժամանակ և ուժեր է ծախսում՝ ինքն իրեն թուլացնելով և Արևմուտքի հետ թշնամանալով: Բայց դա դեռ ոչինչ: «Քարեր», այսինքն՝ խորհրդային հանրապետություններ հավաքելու փորձերն արվում են առանց որևէ ճկունություն դրսևորելու, կացնային մեթոդներով, կոպիտ շանտաժի լեզվով՝ «առանց մեզ դուք կորած եք», վիրավորելով այդ պետությունների բնակիչների արժանապատվությունը: Հավանաբար, Կրեմլում նստած մարդկանց թվում է, որ հենց այդպես են նախկին խորհրդային ժողովուրդները մերձենալու Ռուսաստանի հետ:

Շատ մեծ հոգեբան կամ քաղաքագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ դա առաջացնում է ճիշտ հակառակ զգացմունքներ։ Չգիտեմ՝ ինչպես մնացած հանրապետություններում, բայց Հայաստանում՝ հաստատ։ Ես դա ինձ վրա եմ զգում։ Ինձ միշտ շատ հեռու էի պատկերացնում ազգայնականությունից։ Բայց այս վերջին տարվա ընթացքում՝ «խալաթի պատմությունից» սկսած, ես զգում եմ, թե ինչպես է իմ մեջ հասունանում ներքին ընդվզումը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում