Home / Հայաստան / Երևանի քաղաքապետի խորհրդականի որդուն բաց են թողել երաշխավորությամբ

Երևանի քաղաքապետի խորհրդականի որդուն բաց են թողել երաշխավորությամբ

Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդուն՝ հունիսի 6-ին Քանաքեռ-Զեյթուն թաղամասում կրակոցներ արձակած Սամվել Քոթանջյանին, բաց են թողել երաշխավորությամբ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը։

24-ամյա Սամվել Քոթանջյանը ոստիկանություն էր ներկայացել հունիսի 10-ին։ Նա ներկայացրել է առանց գործարանային համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակ ու հայտարարել, որ հունիսի 6-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ: Դրանից հետո նա ձերբակալվել էր։

Փաստի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զնեք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի օգտագործմամբ) հատկանիշներով։

Նշենք, որ Հայաստանում բացառիկ դեպքերում են ձերբակալվածներին ազատ արձակում գրավի դիմաց կամ երաշխավորությամբ։ Հիմնականում ձերբակալվածները կալանավորվում են անգամ ոչ ծանր հանցագործությունների դեպքում։

Թեմային անդրադարձը Տիգրան Պասկևիչյանի «72 ժամ ազատությունից հետո․ խափանման միջոցը՝ կալանք» ֆիլմում։