Home / Հայաստան / «Ես չեմ պահանջել ԼՂՀ ճանաչում». Բաբուխանյանը` Կիսելյովի հետ հանդիպման մասին

«Ես չեմ պահանջել ԼՂՀ ճանաչում». Բաբուխանյանը` Կիսելյովի հետ հանդիպման մասին

ՍԻՄ անդամ Հայկ Բաբուխանյանը «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովից չի պահանջել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այլ պարզապես «ցանկություն է արտահայտել»: Այս մասին նա ասել է` պատասխանոոլվ Epress.am-ի հարցին, թե արդյոք Կիսելյովից նման արձագանք էր ակնկալում:

«Մենք մեր ռուս գործընկերների հետ բարձրացնում ենք բազում հարցեր: Մասնավորապես, բարձրացրեցինք Թուրքիայի կողմից, Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման հարցը, մեր կարծիքը հայտնեցինք Ալիևի հարցի հետ կապված: Ես չեմ պահանջել ԼՂՀ ճանաչում: Ես հայտնել եմ իմ ցանկությունը: Ես հարց չեմ տվել: Մանավանդ որ հանդիպումը ոչ պաշտոնական էր: Կազմակերված էր հասարակական կազմակերպության կողմից:  Նման հանդիպումների ժամանակ կարելի է ավելի մեծ ցանկություններ  արտահայտել»,- ասել է Բաբուխանյանը:

Հիշեցնենք, որ Կիսելյովի հետ հանդիպմանը Բաբուխանյանը հայտարարել էր, թե ժողովրդավար է այն երկիրը, որը ճանաչում է ինքնորոշման իրավունքը: Կիսելյովը պատասխանել էր, թե այժմ ակտուալ չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

«Մինչև մենք հիմա այստեղ խոսում ենք, կարող է շատ բան պատահել: Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում կան բազմաթիվ վտանգներ»,- ասել էր Կիսելյովը` հավելելով, որ ԼՂՀ ճանաչումը Ռուսաստանից պահանջելուց առաջ Հայաստանն ինքը քայլեր պետք է անի, բայց կատարվում է հակառակը, օրինակ՝ ռուսաց լեզվի դերը Հայաստանում փոքրանում է: