Home / Տեսանյութեր / ԲՀԿ առաջնորդի նկարով արտատպված հանելուկը կարող է նախադեպային վճռի բերել (թարմացված)

ԲՀԿ առաջնորդի նկարով արտատպված հանելուկը կարող է նախադեպային վճռի բերել (թարմացված)

Հունիսի 25-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կարինե Պերտոսյանի նախագահությամբ տեղի կունենա գրող Արփի Ոսկանյանի հայցի քննությունը՝ ընդդեմ 1in․am կայքի։

Ըստ հայցվորի՝ կայքը «Հայկական ժամանակ» օրաթերթից արտատպել էր իր հեղինակած քաղաքական հանելուկներից մեկն առանց հեղինակի հետ նախապես համաձայնեցնելու։ Հանելուկը ներկայացվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկարով։ Կայքը նաև հայտարարել էր նույն հանելուկի բառերով երգի մրցույթ՝ խոստանալով հաղթողին 1500 դոլար մրցանակ։

«Չնայած իմ բազմաթիվ հորդորներին՝ խմբագիրը չհանեց հանելուկը կայքից և չեղյալ չհայտարարեց մրցույթը։ Ես դիմել էի ոստիկանություն, սակայն գործը վարույթ չվերցրին՝ հորդորելով ինձ խնդիրը լուծել դատական կարգով։ Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինն առաջարկեց ինձ գործը քննել արտադատական կարգով և փորձեց մեզ հաշտեցնել։ Այն պահից, երբ «Առաջին լրատվական»-ի խմբագիրն ասաց, որ ես պիտի ներողություն խնդրեմ իրենցից, պարզ էր, որ հարցը կարող է լուծվել միայն դատական կարգով»,-Epress.am-ի հետ զրույցում ասել է Արփի Ոսկանյանը։ Նա պահանջում է խորհրդանշական 200.000 դրամի փոխհատուցում տալ, և կայքից հանել արտատպված հանելուկը։

ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետին զուգահեռ գործող «Իրավաբանական կլինիկայի» փաստաբան Հասմիկ Բալաբեկյանը Epress.am-ին ասել է, որ այս գործը կարող է նախադեպային լինել՝ հեղինակային իրավունքի ոլորտում։

«Մինչ այժմ հեղինակային իրավունքները այս ծավալով չէին խախտվել, գողացել էին տողեր, բառեր, բայց ոչ ամբողջ բանաստեղծություն։ Նախկինում կար հիմք՝ հեղինակի համբավի ու արժանապատվության իրավունքի խախտման համար պաշտպանությամբ դատարան դիմելու և փոխհատուցում պահանջելու, բայց ինչ չափով՝ հստակ չէր։ Հիմա բարեբախտաբար կա նման հիմք, որը ստեղծագործության հետ կապված առաջին անգամ է դրվել հայցադիմումի հիմքում», – ասել է փաստաբանը։

Հանելուկը տեղադրված է armtimes.com կայքում