Home / Հայաստան / Ոստիկանության ներկայացուցիչը Լևոն Բարսեղյանի դեմ իր իսկ հայցի քննությանը դատարան չեկավ

Ոստիկանության ներկայացուցիչը Լևոն Բարսեղյանի դեմ իր իսկ հայցի քննությանը դատարան չեկավ

Ոստիկանության աշխատակիցը չի ներկայացել հունիսի 18-ին Վարչական դատարանում (Գյումրի) նշանակված «ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Լևոն Բարսեղյանի» վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին գործով դատաքննությանը։

Ինչպես ասված է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մամուլի հաղորդագրության մեջ, նիստը, տևելով յոթ րոպե, ընդմիջվել է ոստիկանության կենտրոնական բաժնի ավագ իրավախորհրդատու, փոխգնդապետ Սոնա Մելիքյանի բացակայության պատճառով:

Դատարանի քարտուղարը հայտնել է, թե Սոնա Մելիքյանը զանգել և տեղեկացրել է, որ հինգ րոպե կուշանա դատական նիստից, ճանապարհին է: Դատարանը, սպասելով հինգ րոպե, հարցրել է պատասխանող, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքը նիստը շարունակելու մասին։ Վերջինս հայտարարել է, որ դա ոստիկանության կողմից դատարանի հանդեպ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է, սակայն ինքը չի ցանկանում, որ դատական նիստը միակողմանի ընթանա, ուստի Բարսեղյանը միջնորդել է հետաձգել նիստը:

Չնայած դատավորը հիշեցրել է, որ նախնական դատական նիստը կարող է առանց կողմի ներկայության էլ լինել, Բարսեղյանը պնդել է Ոստիկանության ներկայացուցչի ներկայության անհրաժեշտությունը։

Դատարանը որոշել է նիստը հետաձգել և կողմերին հաջորդ նիստի օրվա և ժամի մասին իրազեկել ծանուցագրով: «Ասպարեզի» հաղորդագրության մեջ նշվում է, որ դատական նիստը փակվելուց հետո ավելի քան քառորդ ժամվա ընթացքում ոստիկանության ներկայացուցիչը այդպես էլ չի ժամանել դատարան:

Նույն գործով ապրիլի 15-ի նախնական նիստից ոստիկանությունը նույնպես բացակայել էր։

«ՀՀ ոստիկանության 30-50 հազարանոց անձնակազմից որևէ մեկն անկարող էր եղել ներկայացնել ոստիկանությունը իրենց առաջ քաշած հայցով դատաքննությանը», – նշում է «Ասպարեզը»։

Նշենք, որ Բարսեղյանի և մի քանի տասնյակ այլ քաղաքացիների դեմ ոստիկանությունը հայցեր էր կազմել և ներկայացրել դատարան այն բանից հետո, երբ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը, հարյուրավոր ցուցարարներ Երևանում բողոքի ցույցեր և երթեր էին կազմակերպել։ 100-ից ավել մարդ բերման էր ենթարկվել, մի քանի տասնյակ քաղաքացիների դեմ վարչական պատասխանատվության հայցեր են ներկայացվել։ Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանությունը խախտել էր խաղաղ հավաքներ անցկացնելու իրենց իրավունքը։